27 սեպտեմբերի 2006 - 15:12 AMT
Ղարաբաղյան կարգավորման կարեւորագույն պայմանը փոխադարձ վստահությունն է կողմերի միջեւ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կարեւորագույն նախապայմանը փոխադարձ վստահության հաստատումն է հակամարտության կողմերի միջեւ: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի փոխխոսնակ, բարոնուհի Քոկսի հետ հանդիպման ժամանակ: Ա.Ղուկասյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հաստատում է ազատ եւ անկախ ապրելու իր կամքը, եւ նշել է, որ պաշտոնական Ստեփանակերտը պատրաստակամ է լուծելու խնդիրը խաղաղ ճանապարհով:

Իր հերթին բարոնուհի Քերոլայն Քոկսը շնորհավորել է Լեռնային Ղարաբաղի իշխանություներին եւ ժողովրդին հանրապետության հռչակման 15-ամյակի կապակցությամբ: «Ղարաբաղ կատարած յուրաքանչյուր այցս լավատեսություն է հաղորդում ինձ, ինձ ոգեւորում է Ղարաբաղի բնակիչների աշխատասիրությունը»,-ասել է նա, հաղորդում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը: