27 սեպտեմբերի 2006 - 15:16 AMT
Եվրոպայի ընկերակցությունները կոչ են արել եվրախորհրդարանականներին չենթարկվել Թուրքիայի ճնշմանը
Եվրոպական քաղաքացիական ընկերությունը դիմել է Եվրախորհրդարանին հայտարարությամբ` ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների համատեքստում Հայոց ցեղասպանության խնդրի առնչությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Մենք, Եվրոպայի քաղաքացիներս, ուշադիր հետեւում ենք Եվրամիության ընդլայնման գործընթացին եւ հատկապես ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի հետ կապված իրադարձությունների զարգացմանը: Մենք ի գիտություն ընդունեցինք Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից սեպտեմբերի 4-ին ընդունած «Թուրքիայի առաջընթացն անդամակցության ճանապարհին» զեկույցը: Մենք գոհունակությամբ ընկալեցինք այն փաստը, որ «Եվրախորհրդարանը կրկնեց Թուրքիային ուղղված իր կոչը` ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ դիտարկում է այդ ճանաչումը որպես նախապայման ԵՄ-ին անդամակցելու համար»: Մենք իմացանք նաեւ թուրքական կողմի ճնշումների մասին եվրախորհրդարանականնեի վրա եւ ապատեղեկատվական քարոզի մասին, որի նպատակն էր հասնել նրան, որ զեկույցից հանվի Հայոց ցեղասպանության մասին ուղղումը: Որպես ԵՄ քաղաքացիներ, մենք վրդովված ենք այն փաստով, որ ռադիկալ հակաեվրոպական արժեքներով արտերկրյա պետությունը կարող է ազդել այդ հարցում Եվրոպայի ներկայացուցիչների դիրքորոշման վրա: Ուստի մենք ձեր ուշադրությունն ենք հրավիրում հետեւյալ փաստերի վրա.

1. Հայոց ցեղասպանության ճանաչումը որպես ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության նախապայման լրացուցիչ պահանջ չէ: Նման մի պահանջ հստակ ձեւակերպվել էր շուրջ մեկ տարի առաջ Անկարայի հետ բանակցություններ սկսելու վերաբերյալ բանաձեւում: Տվյալ ուղղման հանումը կնշանակի, որ Եվրախորհրդարանը գտնվում է իր սկզբունքներից հրաժարվելու շեմին:

2. Այն փաստը, որ նման պայման պաշտոնապես չի ներկայացվել ԵՄ-ի անդամակցության այլ թեկնածուներին, առիթ չի տալիս պնդելու, որ այն անհնար է ընդունել: Երկրի կողմից իր գործած հանցագործությունների ճանաչումը ԵՄ-ին անդամակցելու չափանիշներից մեկն է:

3. Եվրախորհրդարանի բազում կոչերն այս խնդրի շուրջ դարձել են սուր բանավեճի առարկա Թուրքիայում: Այդ պահանջների թուլացումը կնշանակեր աջակցություն ցուցաբերել ազգայնականներին, որոնք ցանկանում են հեռու պահել Թուրքիային եվրոպական արժեքներից եւ ցանկանում են ճնշել «այլախոհներին» երկրում:

4. Թուրքիան, որը պահանջում է բանավեճ անցկացնել այս հարցի շուրջ, դեռեւս չի պատասխանել երկու երկրների միջեւ առկա խնդիրները քննարկելու եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար միջկառավարական հանձնաժողով ստեղծելու Հայաստանի նախագահի առաջարկին: Մյուս կողմից, Թուրքիան շարունակում է ժխտողական իր քաղաքականությունը եւ պահանջում է ստեղծել պատմական հանձնաժողով եւ բացել պահոցները, նպատակ ունենալով դուրս մղել Հայոց ցեղասպանության հարցը ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ բանակցությունների քաղաքական համատեքստից:

Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը ոչ միայն եվրոպական արժեքների նսեմացում է, այլ նաեւ ծայրահեղ ազգայնական եւ ռասիստական գաղափարախոսության դրսեւորում, ինչը սպառնում է մեր հասարակությանը:

Եվրոպայում գործող տարբեր ընկերակցություններ, որոնք հուզմունքով հետեւում են Թուրքիայի հետ բանակցություններին, կհիասթափվեն այն փաստից, որ Եվրախորհրդարանը նահանջում է նման կարեւոր հարցի վերաբերյալ իր դիրքորոշումից: Մենք կոչ ենք անում ձեզ պահպանել 49 պարագրաֆի հստակ եւ ադեկվատ ձեւակերպումը, որն ընդունվել է Արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից»: