10 հունիսի 2015 - 13:54 AMT
ԳԱԿ-ում Սարգիս Համալբաշյանի ցուցահանդեսի մուտքը 10 օր կլինի անվճար

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ապրիլի 17-ին բացված «Սարգիս Համալբաշյան. հայկական թաղամաս» ցուցադրության մուտքը հունիսի 10-ից 19-ը ներառյալ կլինի անվճար:

Ցուցադրությունը ներկայացնում է անկախության շրջանի հայ կերպարվեստի առանցքային ներկայացուցիչներից մեկի՝ Սարգիս Համալբաշյանի վերջին տարիներին ստեղծած գեղանկարների ընտրանին, այդ թվում «Գտանք Մեսիային» կտավը Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուից, ինչպես նաև` արվեստագետի կտավների հայտնի կերպարների նախատիպերի գծանկարների շարք:

Հայաստանյան ժամանակակից կերպարվեստի ակունքներում կանգնած արվեստագետն այն եզակիներից է, ում ստեղծագործությունները տեղ են գտել Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուի մեջ:

«Համալբաշյանի հայացքն ընդգրկուն է, կենդանի, նրա արվեստը բիոլոգիա՝ կենսաբանություն է, այլ ոչ թե ֆիզիկա: Նա տեսնում է մշակույթը, որ աճում է ոչ միայն վերև, այլև տարածվում է հորիզոնական և մխրճվում հողի մեջ»,- արվեստագետին այսպես է բնութագրում արվեստի քննադատ Վարդան Ջալոյանը:

Սարգիս Համալբաշյանը ծնվել է Գյումրիում 1956 թվականին: Ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան կերպարվեստի ուսումնարանը: Նրա աշխատանքները ցուցադրվել են Հայաստանում և արտերկրում, այդ թվում՝ անհատական ցուցադրությունների շրջանակում՝ Հայաստանի ազգային պատկերասրահում, Melina Mercury սրահում (Նիկոսիա, Կիպրոս), Die Bodenschatz պատկերասրահում (Բազել, Շվեյցարիա) New Academy պատկերասրահում (Լոնդոն, Միացյալ Թագավորություն):

Խմբային ցուցահանդեսների շրջանակներում նրա ստեղծագործությունները ներկայացվել են Հայաստանում, Միացյալ Թագավորությունում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Պորտուգալիայում, Ֆինլանդիայում, Ռուսաստանում, Իտալիայում, Թուրքիայում և այլ երկրներում: 2008 թվականին Սարգիս Համալբաշյանն արժանացել է ՀՀ վաստակավոր նկարչի կոչման: