10 հունիսի 2015 - 21:49 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Քվադրինալեում ներկայացվող «Կարմիր կարկուտի» մասին. Ի՞նչ է իրենից ներկայացնում հայկական ինստալյացիան

Հայաստանը 2015-ին Քվադրինալեում ներկայանում է, ինչպես արդեն հայտնի է, «Կարմիր կարկուտ» ինստալյացիայով՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նախագծի հիմքում մեկ լուսանկար է ու մեկ երաժշտություն: Առաջինը միսիոներուհի Բոդիլ Բյորնի հավաքածուից է, որը դեռ 1907-ին մեկնել Արևմտյան Հայաստան ու օգնել տեղացիներին, իսկ արդեն 1915-ին ջարդերի ու հայերի կոտորածի ականատես դարձել, ընթացքում մի շարք լուսանկարներ արել, պատմում է ինստալյացիայի հեղինակ-համադրող, բեմանկարիչ Լիլիթ Ստեփանյանը: Վավերագրական լուսանկարը 1910 թվականի է, դրանում պատկերված է 13 աղջիկ երեխա, որոնց ձեռքում Նորվեգիայից որպես օգնություն ստացած տիկնիկներ են: Ըստ Բյորնի հուշերի, որոնք հեղինակներին պատմել է միսիոներուհու թոռը, երեխաները շատ էին ուրախացել ու սպասում էին, թե երբ են իրենց լուսանկարելու, որ վերջապես շարունակեն իրենց խաղը:

«Ինչո՞ւ «Կարմիր կարկուտ»: Այդ տարիներին սնունդի պակաս կար, իսկ լուսանկարում պատկերված երեխաները նոր տիկնիկ էին ստացել: Ամբողջ գաղափարը հենց դրա վրա է կառուցված՝ երեխաները չշարունակեցին իրենց խաղը, այն մնաց ընդհատված և միաժամանակ՝ հավերժ, դրա համար էլ՝ «Կարմիր կարկուտ», որովհետև այն երբեք չի ավարտվում, որովհետև երեխաներին զրկեցին խաղից, ու որովհետև 1915-ին այդ բոլոր երեխաները Ցեղասպանության զոհ դարձան»,- բացատրում է Լիլիթ Ստեփանյանը:

Ըստ Բոդիլի հուշերի, հետագայում նա փնտրել է այդ աղջիկներին, բայց այդպես էլ չի կարողացել գտնել նրանցից ոչ մեկին:

«Կարմիր կարկուտը» տեսողական առումով բաժանված է մի քանի մասի՝ վիդեոյի, որի ռեժիսորը Վահան Ստեփանյանն է, և պատկերային լուծումների, որոնք կցուցադրվեն արդեն հենց տաղավարում: Երրորդ մասը երաժշտությունն է՝ Տիգրան Համասյանը մշակել է Ներսես Շնորհալու «Նոր ծաղիկ» տաղը, որը, ըստ հեղինակների, կարծես «քանդում է այդ լուսանկարն ու փորձում դրա միջից դուրս հանել դրա ամբողջ նախապատմությունը»:

Ըստ ինստալյացիայի ռեժիսոր, լուսանկարիչ Վահան Ստեփանյանի, ցանկացած լուսանկար ավելի հետաքրքիր է, երբ փորձում ես հասկանալ, թե ինչ է եղել դրանից առաջ և հետո:

«Վիդեոն բաղկացած է արագ լուսանկարված ֆոտոներից, ինչը վիդեոյի իմիտացիա է ստեղծում, ու միանգամից մի քանի մաս ունի: Առաջին մասում, կարելի է ասել, լուսանկարի «շարունակությունն» է, այսինքն՝ պատկերացրեք, օրինակ, եթե այն ժամանակ լիներ հիմիկվա տեխնիկան, ու երեխաներին ասեին վերջ, լուսանկարն արված է, ու ամեն մեկը մի կողմ գնար, ու այդ ամենը ֆիքսվեր՝ թե ինչպես են աղջիկները գնում տարբեր անկյուններ ու սկսում խաղալ իրենց տիկնիկներով»,- պատմում է Վահան Ստեփանյանը:

Նրա խոսքով, երաժշտությունը փոխկապակցված է կադրին՝ կոմպոզիտոր, երաժիշտՏիգրան Համասյանն այնպես է արել մշակումը, որ գնալով երանգը փոխվում է, տրամադրությունը նույնպես, և «ամեն տրամադրություն համընկնում է ֆիլմի մի մասին»: 7-րոպեանոց վիդեոն ավարտվում է վավերագրական բնօրինակ-լուսանկարով:

Հեղինակները պատմում են՝ կազմակերպիչներին նախագծի կոնցեպտը ներկայացնելիս միակ մտավախությունն այն էր, որ կարող են թույլ չտալ «Ցեղասպանություն» բառի կիրառումը: Բայց փոխարենը ոչ միայն չարգելեցին, այլև իրենց կայքում նշեցին այն:

Ի դեպ, Հայաստանն արդեն երկրորդ անգամ է մասնակցում Քվադրինալեին: Առաջին մասնակցությունը եղել է 2011-ին, այդ ժամանակ մեր երկիրը ներկայացնում էր բեմանկարիչ Նելլի Բարսեղյանը, որը նաև «Կարմիր կարկուտի» հեղինակ-համադրողն է: Նրա խոսքով, 48 տարվա պատմությամբ փառատոնն իր տեսակի մեջ եզակի է ու աշխարհում ամենաճանաչվածը:

«Այս տարիների ընթացքում դրան մասնակցել են այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են Սալվադոր Դալին, Օսկար Նիմեյերը և այլք: Այս տարին էլ բացառություն չի լինի՝ փառատոնին ներկա են լինելու հայտնի արվեստագետներ, օրինակ՝ Ջուլիա Թեյմորը, օրինակ, որը հայտնի է իր «Ֆրիդա» ֆիլմով ու «Առյուծ արքա» մյուզիքլով, Ռոբերտ Ուիլսոնը ու մի շարք այլ հայտնի մարդիկ»,- նշեց նա՝ հավելելով, որ 2015-ի փառատոնը առանձնանում է նաև նրանով, որ ցուցադրությունները բաշխված են ամբողջ Պրագայով՝ դրանք կկազմակերպվեն հին քաղաքի մշակութային կենտրոններում՝ թանգարաններում, ցուցասրահներում և այլուր:

Հայաստանն իր ցուցադրությունը կազմակերպելու է Կաֆկայի տանը: Իմիջիայլոց, միանգամից հարևանությամբ տեղակայված է լիենոլւ Թուրքիայի տաղավարը: Հեղինակներն ասում են՝ հոգեբանորեն պատրաստ են անհրաժեշտության դեպքում պատասխան տալու թուրքերին, եթե վերջիններիս մոտ ինչ-ինչ հարցեր առաջանան, բայց կարծում են, որ արվեստագետներ են, ու կոնֆլիկտ չի լինի:

Հունիսի 18-ից 28-ն ամեն օր՝ ժամը 10:00-ից՝ 19:00-ն հայկական տաղավարում շարունակաբար «ցիկլը կրկնվելու է»: Ամբողջ պատով մեկ մեծ պրոեկտոր է տեղադրվելու, որտեղ ժամը մեկ, երաժշտության տակ, ցուցադրվելու է հոլովակը: Բացի այդ, քանի որ փառատոնը միջինում 50.000-ից ավելի հանդիսատես է ունենում, ու անհրաժեշտ է, որ բոլորը նյութերին ծանոթանալու հնարավորություն ունենան, տաղավարում էկրան է լինելու, որտեղ 7 րոպեն մեկ հոլովակը կրկնվելու է ու ցանկացողը կարող է ականջակալներով լսել ու տեսնել այն:

Քվադրինալեի շրջանակում նաև «Երկրի օր» է կազմակերպվում, որի ընթացքում յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել ցանկացած բան:

«Քանի որ մեր ինստալյացիան նվիրված է Ցեղասպանությանը, այդ ժամանակն էլ ենք տրամադրելու թեմային համահունչ մի շարքի՝ կցուցադրվի PAN Photo-ի «100 տարվա լռությունը» նախագիծը՝ վերապրածներին նվիրված տեսանյութեր են ու ֆոտոնախագիծ: Այսինքն, տաղավարում երեխաներից անցում է կատարվում Ցեղասպանությունը վերապրածներին, մի քանի տասնյակ մարդկանց, որոնք դեռ ողջ են ու պատմում են իրենց հիշողությունները»,- պատմեց Լիլիթ Ստեփանյանը:

Նախագծի հեղինակ Վահան Ստեփանյանն էլ մանրամասնեց, որ դրա վրա աշխատում են 2014-ի փետրվարից:

«Խնդիրն էր նկարել Ցեղասպանությունը վերապրածներին, որոնք հիմա ապրում են Հայաստանի տարածքում, ու լուսանկարելուց բացի նաև ձայնագրում էինք նրանց հուշերը, շատերին նույնիսկ խնդրում էինք երգել կամ արտասանել: Հասկացանք, որ այդ նախագիծը շատ ճիշտ միանում է ամբողջ «Կարմիր կարկուտ»-ին, ու քանի որ Երկրի օր է, այլ ոչ թե լուսանկարչական ցուցահանդես, շեշտը դրվելու է հենց վիդեոյի վրա»,- ասաց նա՝ մանրամասնելով, որ ցուցադրվելու է մոտ 7 րոպեանոց վիդեոշարք, հավաքված վերապրածների ֆոտո- ու վիդեոպատմություններից:

Հայկական տաղավարի այցելուներին վերապրածների լուսանկարներով բացիկներ կտրամադրվեն, ինչպես նաև կատալոգներ, որոնցում գլխավոր հոլովակի DVD տարբերակն էլ է լինելու: «Կարմիր կարկուտ» նախագիծն իրականացվել է մշակույթի նախարարության ու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների տնօրինության աջակցությամբ:

ՖՈՏՈՇԱՐՔ