Open Democracy. ԼՂՀ-ն ձգտում է ամրապնդել կապերը Եվրոպայի հետ

Open Democracy. ԼՂՀ-ն ձգտում է ամրապնդել կապերը Եվրոպայի հետ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը հաջողվել է մշակել դինամիկ եվրոպական և համաշխարհային արտաքին քաղաքական կուրս, ինչը բնավ էլ վատ չէ մի երկրի համար, որը դեռ չունի միջազգային ճանաչում: Անդրադառնալով Արցախի Հանրապետությանը Open Democracyվերլուծական կայքում գրում է միջազգային լրագրության մասնագետ Լուկաս Գոեթզը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղում վերջերս տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների մասին` հեղինակը նշում է, որ թեև ընտրություններից հետո ԱՄՆ-ն, ինչպես նաև Իսպանիան, Ռումինիան, Ուկրաինան հայտարարեցին ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին, սակայն ընտրություններին ներկա հարյուրավոր միջազգային դիտորդներ փաստեցին, որ դրանք անցել են ««միջազգային չափորոշիչներին համապատասխան` կազմակերպված, ազատ, գաղտնի և հավասար», մի բան որի մասին կերազեին բազում եվրոպական երկրներ»: Ըստ հեղինակի, նման հայտարարություններ հնչեցնելու պատճառը միայն մեկն էր, որ ընտրությունները տեղի էին ունեցել միջազգայնորեն չճանաչված պետությունում:

Անդրադառնալով Արցախի պատմությանը և հակամարտության առաջացմանը` հոդվածագիրը նկատում է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Արցախը քվեարկեց հանուն անկախության, որին ի պատասխան Ադրբեջանը սկսեց իր հավակնությունները դրսևորել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ` վերջինիս պարտադրելով արյունալի պատերազմ:

«Իր հարևան Հայաստանի օգնությամբ Լեռնային Ղարաբաղը կարողացավ հաջողությամբ հետ մղել Ադրբեջանի գրոհները և 1994 թվականին կնքվեց մինչ այսօր շարունակվող հրադադարը: Արդեն շուրջ 20 տարի է անցել, բայց Ադրբեջանը չի դադարում իր հավակնությունները և պահանջները ներկայացնել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, որը սակայն, դե ֆակտո գործառնող անկախ պետություն է»,- գրում է հեղինակը, հայտնում է Panorama.am-ը:

Հոդվածագիրը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ թեև Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն դեռ մնում է չճանաչված, սակայն ակտիվ կերպով հարաբերություններ է զարգացնում շատ երկրների` հատկապես Եվրոպայի հետ:

«Եվրոպան մեզ համար բնական ընտրություն է, քանի որ մենք մեզ նույնականացնում ենք Եվրոպայի հետ և կիսում ենք հենց եվրոպական արժեքները»,- հոդվածագիրը մեջբերում է Արցախի խորհրդարանի նորընտիր պատգամավոր Դավիթ Մելքումյանի խոսքը:

Խոսելով Եվրոպայի և Արցախի բարեկամության և դինամիկ զարգացող հարաբերությունների մասին` հոդվածագիրը մեջբերում է Հայաստանի եվրոպական բարեկամներ խմբի ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոայի գնահատականներն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը այսօր իսկապես հաջողված արտաքին քաղաքականություն է իրականացնում, որի ապացույցը թեկուզև Եվրախորհրդարանում գործող ԵՄ-Լեռնային Ղարաբաղ բարեկամական խումբն է, որի կազմում գտնվում են Եվրախորհրդարանի մի շարք ազդեցիկ ուժերի ներկայացուցիչներ:

Շարունակելով անդրադարձը Լեռնային Ղարաբաղ-ԵՄ հարաբերություններին` հոդվածագիրը հիշեցնում է, որ վերջերս Արցախի ժողովրդավարական կուսակցությունը դարձավ «Եվրոպական ազատ դաշինք» մեծ ընտանիքի անդամը, ինչը հարուցեց Ադրբեջանի զայրույթը թեկուզև այն պատճառով, որ Ադրբեջանի իշխող կուսակցությունը որևէ եվրոպական կուսակցական կառույցի մաս չի կարողացել կազմել:

Բարձր գնահատելով Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքական կուրսը` հոդվածագիրը նկատում է, որ այդ ճանապարհին Արցախը կիրառում է ոչ միայն ավանդական դիվանագիտական խողովակները, այլ նաև բազմաթիվ նորարարական մեթոդներ ու եղանակներ:

«Չնայած չճանաչված լինելու պատճառով Արցախը չի կարող արտասահմանում պաշտոնապես դեսպանություններ բացել, բայց նրանք ունեն դիվանագիտական առաքելություններ այնպիսի երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Լիբանանը, որոնք ակտիվորեն նպաստում են Արցախի հետ այդ երկրների հարաբերությունների զարգացմանը»,- գրում է հոդվածագիրը:

Հոդվածագիրը անդրադառնում է նաև Արցախի կայացման գործում հայկական սփյուռքի ունեցած դերակատարմանը:

«Չնայած առկա ակնհայտ խոչընդոտներին` Լեռնային Ղարաբաղը հաջողություն է գրանցել անկախ արտաքին քաղաքականության ոլորտում` այդ կերպ իր տեղն ապահովելով եվրոպական օրակարգում և հասարակական գիտակցության մեջ»,- եզրափակում է հոդվածագիրը, հայտնում է Panorama.am-ը:

Մայիսի 3-ին Արցախում կայացած խորհրդարանակն ընտրությունների ընթացքում ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 102 042, իսկ քվեարկության մասնակիցների թիվը` 72 296 կամ ընտրողների ընդհանուր թվի 70, 8 տոկոսը:

Ապրիլի 30-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարությունում, անդրադառնալով Արցախում սպասվող խորհրդարանական ընտրություններին, նշել են. «Հակամարտության համապարփակ կարգավորման գործում մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերն իր ապագան որոշելու հարցում: Այդուհանդերձ մեր երեք երկրներից ոչ մեկը, ինչպես նաև որևէ այլ երկիր Լեռնային Ղարաբաղը չի ճանաչում որպես անկախ և ինքնիշխան պետություն: Համապատասխանաբար մենք չեն ընդունում այս ընտրությունների արդյունքների ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա և շեշտում ենք, որ դրանք որևէ կերպ չեն կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ընթացիկ բանակցությունների արդյունքները, որոնք նպատակ ունեն հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և խաղաղ կարգավորմանը»:

Ընտրությունների արդյունքում «Ազատ հայրենիք» կուսակցությունը, որը ղեկավարում է Արցախի վարչապետ Արա Հարությունյանը, կստանա 11 մանդատ, «Ազգային վերածնունդ» կուսակցությունը՝ 1 մանդատ և այդ միակ պատգամավորը կլինի Հայկ Խանումյանը, «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը»՝ 4 մանդատ, «Հայ Հեղափոխական Դաշնակցությունը»՝ 4 մանդատ, «Շարժում 88» կուսակցությունը՝ 2 մանդատ, ասվում է ԼՂՀ ԿՀՎ հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---