28 սեպտեմբերի 2006 - 17:10 AMT
Վրաստանին չի հաջողվի գժտեցնել Հայաստանին եւ Ռուսաստանին
«Ես չէի ցանկանա գնահատակններ տալ կամ մեկնաբանել վրաց կառավարության գործողությունները, այն ինքնուրույն գլուխ կհանի ստեղծված իրավիճակից»,-հայտարարել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով լուրջ ապացույցների եւ փաստերի բացակայության դեպքում անհնարին է հասկանալ` ինչ է տեղի ունեցել: «Մենք տեղեկատվություն ունենք, որ Վրաստանի հատուկ ծառայությունների կողմից ձերբակալվել են չորս ռուս զինվորական եւ 11 Վրաստանի քաղաքացի, որոնցից հինգը` հայեր: Ես կարծում եմ, որ պետք չէ շտապել եզրակացություններ անել. Վրաստանի իշխանություններն իրենք ամեն բան կկարգավորեն: Կրկնում եմ, մենք կարող ենք մեկնաբանել այս պատմությունը միայն ճշգրիտ փաստերի առկայության դեպքում»,- ընդգծել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի ղեկավարը:

Իր հերթին Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Իգոր Գրոմիկոն ընդգծել է, որ վրաց իշխանությունների գործողություններն ու հայտարարությունները չի կարելի լուրջ ընդունել: «Դժվար է պատկերացնել վրացի քաղաքական գործիչների երեւակայության աստիճանը: Նրանք շատ են խոսում, իսկ նրանց բոլոր ասվածները անիմաստ է մեկնաբանել: Իսկ եթե լուրջ, ապա ես կարծում եմ, որ կան ուժեր, որոնք ցանկանում են գժտեցնել Ռուսաստանին եւ Հայաստանին: Ես համոզված եմ, ու բոլորն ինձ հետ կհամաձայնեն, որ դրանից ոչինչ դուրս չի գա»,- ընդգծել է Գրոմիկոն: