28 սեպտեմբերի 2006 - 18:17 AMT
Ռ. Քոչարյանը լավատեսորեն է տրամադրված ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման հարցում
Լեռնային Ղարաբաղը այսօր հանդիսանում է անկախ պետություն` անընդհատ զարգացող պետական ինստիտուտներով: Այդ մասին «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, Հայաստանի համար ընդունելի է ինչպես ԼՂՀ անկախությունը, այնպես էլ Ղարաբաղի ընդգրկումը ՀՀ կազմի մեջ: «Ես կարծում եմ, որ ապագայում Հայաստանի եւ Ղարաբաղի հարաբերությունները դաշնային զարգացում կստանան: Ապագան ցույց կտա` ինչ կլինի: Ապագա սերունդները պետք է որոշեն` ինչպիսին պետք է լինեն երկու պետությունների հարաբերությունները»,- նշել է ՀՀ նախագահը: Միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հնարավորության վերաբերյալ խոսելիս` Ռ. Քոչարյանը հայտարարեց. «Ես չեմ հիշում նման դեպք, երբ միջազգային ճանաչման հարցը հեշտ լուծվեր: Անկախ երիտասարդ ազգի ճանաչման համար տասնամյակների համառ աշխատանք է անհրաժեշտ: Կարեւորագույն գործոններից մեկը այն է, որ պետք է ապացուցել աշխարհին, որ երիտասարդ հանրապետությունն ի վիճակի է լուծել իր խնդիրները, ինչպես ցանկացած այլ անկախ պետություն: Ես վստահ եմ, որ ԼՂՀ-ն ապացուցել է, որ նա մի երկիր է, որը կարող է իր ուժերի վրա հույս դնել եւ զարգանալ: Այդ պատճառով ես լավատեսորեն եմ տրամադրված ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման հարցում: Փաստորեն Հայաստանը եւ Հայ Սփյուռքը ամբողջ աշխարհով մեկ ակտիվորեն աշխատում են ԼՂՀ շուտափույթ ճանաչման եւ միջազգային հանրությանը միանալու ուղղությամբ», հաղորդում է Groong-ը: