28 սեպտեմբերի 2006 - 19:37 AMT
Աբդուլա Օջալանը քուրդերին կոչ է արել հաշտվել Թուրքիայի հետ
Թուրքական բանտում գտնվող քուրդ առաջնորդ Աբդուլա Օջալանը կոչ է արել Քրդական աշխատանքային կուսակցությանը (ՔԱԿ) հայտարարել Անկարայի դեմ ուղղված ռազմական գործողությունների ավարտի մասին, հայտնում է AFP-ն` հղում կատարելով քուրդ անջատողականներին մերձավոր աղբույրին: «ՔԱԿ-ը չպետք է զենք օգտագործի բացի այն դեպքերից, երբ նրա ակտիվիստների վրա հարձակվում են, որպեսզի սպանեն»,- գրում է Օջալանը իր դատապաշտպանների միջոցով փոխանցված ուղերձում:

Ահաբեկչության համար դատապարտված ՔԱԿ առաջնորդը նշել է թուրքերի եւ քուրդերի միջեւ ժողովրդավարական հարաբերությունների հաստատման կարեւորությունը: «Նման գործընթացը ժողովրդավարական երկխոսության ուղի կբացի»,- համոզված է Օջալանը:

Հիշեցնենք, որ քուրդ անջատողականների առաջնորդը ցմահ բանտարկության է դատապարտված Իմրալի կղզու բանտում: