15 հունիսի 2015 - 12:16 AMT
TeleSUR. Ադրբեջանին ուղղված քննադատության գրաքննությունն ակնհայտ է

Արդյո՞ք մարզական մեծ իրադարձություններն ուժեղացնում են բռնաճնշումները: Ադրբեջանում միանշանակ այո, գրում է TeleSUR լատինամերիկյան հեռուստատեսային ցանցի կայքը՝ հավելելով, որ Բաքվում անցկացվող Եվրոպական խաղերը չեն նպաստել Օլիմպիական կանոնադրության մեջ ամրագրված մամուլի ազատության և մարդկային արժանապատվության արժեքների առաջխաղացմանը:

Առաջին Եվրոպական խաղերը մեկնարկեցին Ադրբեջանում հունիսի 12-ին կառավարության աննախադեպ հետապնդումների ֆոնին: Իշխանությունները ձերբակալել են կառավարության տասնյակ քննադատների և թույլ չեն տալիս հիմնական եվրոպական կենտրոնների լրագրողներին մուտք գործել երկիր խաղերը լուսաբանելու համար: Նրանք նաև արգելել են Amnesty International կազմակերպությանը մամուլի ասուլիս հրավիրել Բաքվում:

Բացման արարողության փայլի ու շքեղության նպատակը միջազգային հանրության ուշադրությունը նավթով և գազով հարուստ երկրում մարդու իրավունքների պարբերական ոտնահարումներից շեղելն էր: Մինչ Լեդի Գագան խաղերի բացմանը երգում էր Ջոն Լենոնի «Imagine» երգը ծաղիկներով պատված դաշնամուրի հետևում, քաղբանտարկյալները շարունակում են մնալ երկրի բանտերում:

Ինչպես նշում է կայքը, Ադրբեջանին ուղղված քննադատության գրաքննությունն այնքան ակնհայտ է, որ անգամ BBC-ն և International Business Times-ն են ստիպված եղել անդրադառնալ դրան, հայտնում է Tert.am-ը:

Մարզաշխարհի ղեկավարները պնդում են, որ խոշոր մարզական իրադարձությունները քաջալերում են նման պետություններին բարելավել մարդու իրավունքների հետ կապված վիճակը: Այնուամենայնիվ, Բահրեյնից մինչև Ադրբեջան ապացուցվել է հակառակը: Խոշոր իրադարձությունները հաճախ սրում են գոյություն ունեցող խնդիրները և լույս են սփռում սպորտի և կորպորատիվ շահերի միջև գոյություն ունեցող կապերի վրա, որոնք պաշտպանելու համար որոշ պետություններ անում են ամեն ինչ:

Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանը ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար: Վերջին շաբաթվա ընթացքում բազմաթիվ լրագրողների և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների արգելվել է մտնել Բաքու կամ հավատարմագրվել խաղերը լուսաբանելու համար, ներառյալ՝ բրիտանական The Guardian-ը:

Շատ ակտիվիստներ և իրավապաշտպաններ ստիպված են եղել հեռանալ երկրից, իսկ վախի մթնոլորտը լռեցրել է բոլոր նրանց, ովքեր մնացել են երկրում: Կայքը հիշեցնում է, որ Ռասուլ Ջաֆարովը, ով պատրաստվում էր խաղերից առաջ «Սպորտն իրավունքների համար» արշավն իրականացնել, դատապարտվել է 6,5 տարվա ազատազրկման, իսկ Լեյլա Յունուսը ձերբակալվել է անցած տարվա հուլիս ամսին՝ խաղերը բոյկոտելու կոչ անելուց հետո: Կայքը գրում է, որ ի չիք են դարձել բոլոր հույսերը, որ մարզական այս իրադարձությունը կարող է խրախուսել Ադրբեջանին բարելավել մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը երկրում:

Ադրբեջան մուտքը Եվրոպական խաղերից առաջ արգելվել է նաև բրիտանական Red Pepper-ի համար Բաքվից հաղորդել պատրաստվող Էմմա Թոմփսոնին, ով ցանկանում էր ուշադրություն հրավիրել նավթային հսկա British Petroleum-ի, Ադրբեջանի և Եվրոպական խաղերի միջև հարաբերություններին: Թոմփսոնը մատնանշում է, որ British Petroleum-ն իր զգալի շահերն ունի երկրում և տարածաշրջանում: Ընկերությունը և Ադրբեջանը պատրաստվում են Կասպից ծովից մինչև Իտալիա հասնող 3.500 կիլոմետր երկարությամբ գազատարի նախագծի կառուցմանը:

Չնայած Ադրբեջանի գրաքննության ծավալների շնորհիվ որոշակիորեն լուսաբանվել է երկրի ավտորիտար ռեժիմը, այնուամենայնիվ, լուսաբանման ծավալները բավարար չեն եղել: Կայքը հիշեցնում է 2012 թվականի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը, որն անցկացվում էր նմանատիպ մթնոլորտում, և նշում, որ չնայած Եվրոպական խաղերին պետական և կորպորատիվ ճնշումները հաղթանակ տարան մարդու իրավունքների նկատմամբ, բայց բռնաճնշումների և արդարության միջև մրցումը դեռ չի ավարտվել. 2016 թվականին սպասվում է երրորդ փուլը՝ Բաքվում կանցկացվի «Ֆորմուլա-1» մրցաշարի Եվրոպայի գրան պրին, ասվում է հոդվածում:

Ավելի վաղ Եվրախորհրդարանում Գերմանիայի ներկայացուցիչ Մարիետ Շաակեն կոչ արեց գործընկերներին ու Եվրոպայի քաղաքական գործիչներին բոյկոտել Եվրոպական խաղերն ու հրաժարվել մասնակցությունից այդ միջոցառմանը:

Մինչդեռ հունիսի 8-ին Եվրախորհրդարանի նիստում մի խումբ պատգամավորներ ակցիա անցկացրեցին` կոչ անելով ազատ արձակել Ադրբեջանում կալանավորված իրավապաշտպաններին ու լրագրողներին: Նախաձեռնությունը Եվրախորհրդարանի փոխնախագահ, «կանաչների» խմբակցության ներկայացուցիչ Ուլրիկե Լունաչեկինն էր: Նիստի բացմանը պատգամավորները շապիկներ էին հագել Լեյլա Յունուսի, Խադիջա Իսմայլովայի, Անար Մամեդլիի և մյուսների լուսանկարներով:

Լունաչեկն իր ելույթում հայտարարեց, որ Եվրոպան չի կարող անտեսել քաղբանտարկյալների հարցը և կոչ է արել ԵԽ-ին հատուկ բանաձև ընդունել:

Նիստին ընդառաջ հայտնի իրավապաշտպան կազմակերպությունները` Amnesty İnternational, Freedom House, Humaт Right Watch և Մարդու իրավունքների նորվեգական տունը, համատեղ հայտարարություն տարածեցին` մտահոգություն հայտնելով Ադրբեջանում Եվրախաղերի շեմին քաղաքացիական հասարակության հետապնդումների առնչությամբ: Ավելի վաղ գերմանական Tagesspiegel թերթն իր աղբյուրներին հղումով գրում է, որ Գերմանիայի առաջին դեմքերն ու Կառավարության անդամները չեն մեկնի Բաքու՝ հունիսի 12-ին կայանալիք Եվրոպական առաջին խաղերի բացմանը: «Կանցլեր Անգելա Մերկելը չի մեկնի Բաքու: Բացի այդ, ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը, որը սպորտի կուրատորն է, նույնպես հրաժարվել է Ադրբեջանի մայրաքաղաք այցից: Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը ևս հունիսի 12-ին Բեռլինում կմնա»,- գրում է թերթը:

Photo. AFP