28 սեպտեմբերի 2006 - 20:52 AMT
Իրանի դեմ ուղղված ցանկացած ռազմական գործողություն աղետ կլինի ողջ տարածաշրջանի համար
Հայաստանի եւ Իրանի հարաբերությունները դինամիկ կերպով են զարգանում առանց որեւէ տարաձայնությունների, «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Մենք կիրականացնենք խոշոր էներգետիկ նախագծեր, ինչպիսին է նավթամուղի կառուցումը: Մենք նաեւ ծրագրում ենք մեծ հիդրոէլեկտրակայանի կառուցում Արաքս գետի վրա: Հայաստանի եւ Իրանի միջեւ իրականացվում է շատ լայնածավալ համագործակցություն: Սակայն Իրանի եւ Արեւմուտքի միջեւ գոյություն ունեցող խնդիրները բացասաբար են անդրադառնում մեր նախագծերի վրա: Մեզ համար Իրանը չափազանց կարեւոր երկիր է տարածաշրջանում, որի հետ մենք ձեւավորված պատմական հարբերություններ ունենք: Ես գտնում եմ, որ իրանցիները շատ հին քաղաքակրթության կրողներ են, եւ մենք հարգում ենք նրանց մշակույթը»,- նշել է ՀՀ նախագահը: Նրա խոսքերով, Իրանի միջուկային ծրագիրը շատ նրբին խնդիր է Իրանի եւ Արեւմուտքի, մասնավորապես, ԱՄՆ-ի համար: «Մենք հուսով ենք եւ վստահ ենք, որ տվյալ խնդիրը կգտնի իր դիվանագիտական լուծումը: Մենք նաեւ համոզված ենք, որ Իրանի նկատմամբ որեւէ պատժամիջոցներ չեն կիրառվի, Իրանի դեմ ուղղված ցանկացած ռազմական գործողություն աղետ կլինի ողջ տարածաշրջանի համար: Եւ մենք հույս ունենք` տվյալ հարցը խաղաղ կարգավորում կստանա: «Վեցյակի» առաջարկներն այդ հարցով լավատեսություն են ներշնչում: Ինչպես մենք հասկանում ենք, Իրանը եւս դրական է վերաբերվում այդ առաջարկներին: Այս հարցը համբերատար, շարունակական աշխատանք եւ փոխզիջում է պահանջում բոլոր կողմերից: Հայաստանը այն երկրներից է, որը շահում է այս հարցի կարգավորումից»,- հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը, հաղորդում է Groong-ը: