15 հունիսի 2015 - 12:54 AMT
Հունիսի 15-ին Հայաստանում նշում են Պետական խորհրդանիշների օրը

Հունիսի 15-ին Հայաստանում նշում են Պետական խորհրդանիշների օրը: «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» և «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» օրենքներն ընդունվել են 2006 թվականի հունիսի 15-ին, իսկ Պետական դրոշի օրն առաջին անգամ Հայաստանում նշվել է 2010 թ. հունիսի 15-ին:

Ըստ ՀՀ Սահմանադրության, դրոշի կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական լեռնաշխարհը, անկախության համար թափված արյունը, կապույտը` խաղաղ երկնքի տակ ապրելու հայ ժողովրդի ձգտումը, ծիրանագույնը` հայերի արարչական տաղանդն ու աշխատասիրությունը:

Հայաստանի Հանրապետության զինանշանի կենտրոնական մասում՝ վահանի վրա, պատկերված են հայկական չորս թագավորական տոհմերի՝ Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների և Ռուբինյանների (Կիլիկյան թագավորություն) զինանշանները։ Դրանք բոլորում են բիբլիական Արարատ լեռան պատկերը, որի գագաթին ուրվագծվում է Նոյան տապանը։

Վահանի երկու կողմից պատկերված են առյուծ և արծիվ, որոնք խորհրդանշում են ոգու, իշխանության, աննկունության և արիության ուժը։ Ներքևում պատկերված սուրը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը հանուն ազատության և անկախության, փետուրն ու հասկերը՝ հայ ժողովրդի ստեղծարար տաղանդը և խաղաղասիրությունը։

Հայաստանի Հանրապետության զինանշանի հիմնական գույնն է ոսկեգույնը, պատմական Հայաստանի թագավորություններինը՝ վերևից ձախ՝ կարմիր, վերևից աջ՝ կապույտ, ներքևից ձախ՝ կապույտ, ներքևից աջ՝ կարմիր և կենտրոնում՝ վահանի վրա պատկերված Արարատ լեռը՝ նարնջագույն։ Նշված գույները խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության դրոշի գույները։