15 հունիսի 2015 - 12:38 AMT
Ուորլիք. ՀՀ-ի մասնակցությունը Բաքվի խաղերին փոխըմբռնման կամուրջ կառուցելու հնարավորություն է

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի համոզմամբ, Հայաստանի մասնակցությունն Բաքվում ընթացող առաջին Եվրոպական մարզական խաղերին կողմերի համար գործակցության ու փոխըմբռնման կամուրջ կառուցելու հնարավորություն է սպորտում: Նա հուսով է, որ խաղերի հետագա ընթացքում օլիմպիական խաղերին հարիր մարզական ոգին, փոխադարձ հարգանքն ու բարեկամությունն ապահովված կլինեն:

«Մենք խրախուսում ենք նման շփումները՝ հիմքեր նախապատրաստելու մի ապագայի համար, որտեղ հայերն ու ադրբեջանցիները կկարողանան կրկին կողք-կողքի ապրել»,- Ուորլիքի խոսքերը մեջբերում է Panorama.am-ը:

Հունիսի 10-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահին ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության նախագահը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ շարունակելու բանակցային խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը: Ավելի վաղ Ուորլիքին ընդունել էր Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Զրուցակիցները հանգամանալից քննարկել են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին առնչվող հարցեր:

Մինչև այդ Մինսկի խմբի համանախագահը հանդիպել է հայ մարզիկներին, ովքեր մասնակցում են Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերին:

Ադրբեջանի մայրաքաղաք մեկնած Հայաստանի հավաքականի կազմում 25 մարզիկ է, որոնք կմրցեն տեկվանդո, հրաձգություն, սամբո, ձյուդո, բռնցքամարտ, ազատ ոճի և հունահռոմեական ըմբշամարտի մեդալների համար։ Նախօրեին հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը մինչև 66 կգ քաշային կարգում արծաթե մեդալ է նվաճել` Հայաստանի առաջին մեդալը Եվրոպական խաղերում։