29 սեպտեմբերի 2006 - 13:46 AMT
Այսօր Հայաստան է ժամանում Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը
Այսօր պետական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը: Այսօր երեկոյան «Զվարթնոց» օդանավակայանում տեղի կունենա Ֆրանսիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո նախագահական նստավայրում կկայանա Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Ժակ Շիրակի հանդիպումը: Ֆրանսիայի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Մեծ եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի 1915 թ. ցեղասպանության զոհերի հուշակոթողին, կլինի Հայոց ցեղասպանության թանգարանում: Ֆրանսիայի նախագահին կհյուրընկալի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Ժակ Շիրակը կայցելի նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Երեւանում Հայաստանի եւ ֆրանսիայի նախագահների մասնակցությամբ տեղի կունենա Ֆրանսիական հրապարակի բացման հանդիսավոր արարողությունը: Ռոբերտ Քոչարյանը եւ Ժակ Շիրակը Հանրապետության հրապարակում ներկա կգտնվեն «Շառլ Ազնավուրը եւ նրա ընկերները» համերգին: Այս միջոցառումներով կմեկնարկի Ֆրանսիայում Հայաստանի ազգային տարին, որը կրում է «Հայաստան, իմ բարեկամ» խորագիրը: