ԱՄՆ դեսպանատունը՝ վիզաների տրամադրման մասին. Տեխնիկական խնդիր կա

ԱՄՆ դեսպանատունը՝ վիզաների տրամադրման մասին. Տեխնիկական խնդիր կա

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարության հյուպատոսական ծառայությունների վարչությունը ներկայումս ունի տեխնիկական խնդիրներ արտասահմանյան անձնագրերի ու վիզաների թողարկման համակարգերի հետ կապված: Խնդիրը կոնկրետ որևէ երկրի, քաղաքացիության փաստաթղթի կամ վիզայի տեսակի չի առնչվում: Այն անդրադառնում է ԱՄՆ քաղաքացիների ու ԱՄՆ մուտքի ցանկացած տեսակի վիզայի, այդ թվում՝ տուրիստական, գործնական, ուսանողական վիզայի դիմում ներկայացրած օտարերկրացիների վրա: Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար ու հայտնում ենք, որ ձեռնամուխ ենք եղել խնդրի շուտափույթ կարգավորման ու համակարգի ամբողջական գործունակության վերականգնման աշխատանքներին, ասվում է Երևանում ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարության մեջ:

«Այս խնդրի հետևանքով ուշացումներ կլինեն ԱՄՆ-ից դուրս 2015թ. մայիսի 26-ից և դրանից հետո ԱՄՆ անձնագրի տրամադրման դիմումների բավարարման հարցում: Եթե դուք նշված ժամանակահատվածում ԱՄՆ անձնագրի դիմում եք ներկայացրել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը և առաջիկա 10 օրերին ճամփորդական պլաններ ունեք, ապա դիմեք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանը հատուկ կամ ճգնաժամային անձնագիր ստանալու համար:

Այս խնդրի հետևանքով ուշացումներ կլինեն նաև 2015թ. հունիսի 8-ից հետո ներկայացված ԱՄՆ մուտքի վիզաների դիմումների բավարարման հարցում: Անհետաձգելի ուղևորությունների պարագայում խնդրում ենք կապ հաստատել հարցազրույցների նշանակման գրասենյակի հետ հետևյալ հղման միջոցով http://usvisa-info.com/en-AM/selfservice/contact_us: Կարող եք նաև զանգել +374-60-270-113 կամ +1-703-439-2353 հեռախոսահամարներով կամ Skype-ի USVISAARMENIA հասցեով: Անհետաձգելի մարդասիրական կարիքներով ԱՄՆ ուղևորվողները կարող են գրել մեզ consyerevan@state.govէլ. փոստի հասցեով:

Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ճամփորդական պլաններ ունեցող բոլոր անձանց ներողամտությունը: Հաճախակի տրվող հարցերի պատասխանները զետեղված են այստեղ՝ http://travel.state.gov/content/travel/english/news/technological-systems-issue.html: Նոր տեղեկություններ լինելուն պես՝ էջը թարմացվում է», -ասվում է դեսպանության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ԱՄՆ-ի պետդեպարտամենտը տեղեկացրել էր, որ վիզաների ու արտասահմանյան անձնագրերի տրամադրումն ամբողջ աշխարհում Միացյալ Նահանգների դեսպանատներում ժամանակավորապես դադարեցվել է:

Նման իրավիճար էր ստեղծվել նաև 2014-ի հուլիսին, երբ կրկին դադարեցվեց ԱՄՆ վիզաների տրամադրումը:

Նախորդ անգամ ԱՄՆ Պետդեպարտամենտի հյուպատոսական հարցերի բյուրոն տեխնիկական անսարքություններ էր արձանագրել անձնագրային և վիզային ռեժիմների համակարգում, որոնք ազդել էին մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացի վրա ամբողջ աշխարհում: Խնդիրը գլոբալ էր և կախված չէր որևէ երկրից կամ մուտքի արտոնագրի կատեգորիայից: ԱՄՆ հյուպատոսական ծառայությունները հայտարարել էին, որ անձնագրերը մուտքի արտոնագրերի հետ կվերադարձվեն հենց որ նշված խնդիրը շտկվի:

Ավելի ուշ Պետդեպարտամենտում պարզաբանեցին, թե ինչով էին պայմանավորված անսարքությունները: Դա տվյալների մշակման համակարգի գլոբալ խնդիր էր:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---