16 հունիսի 2015 - 11:42 AMT
2014-ին ՌԴ-ում աշխատող ներգաղթյալները տուն են ուղարկել 20,6 մլրդ դոլար

2014-ին աշխատանքային միգրանտները Ռուսաստանից տուն են ուղարկել 20,6 մլրդ դոլար դրամական փոխանցումների տեսքով: Այդ մասին ասվում է զեկույցում, որը հրապարակել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը, հայտնում է ՄԱԿ նորությունների ծառայությունը:

Ինչպես նշում են հիմնադրամում, Ռուսաստանից փոխանցվող դրամական միջոցների ծավալը միլիոնավոր մարդկանց գոյատևումն է ապահովում աշխարհի տարբեր շրջաններում: Միջոցների կեսից ավելին փոխանցվում է Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան և Ուկրաինա:

Մասնագետները նշում են նաև, որ միգրանտները կարող էին շատ ավելի մեծ գումարներ տուն ուղարկել, եթե նրանց հասանելի լինեին դրամական փոխանցումների ավելի մրցունակ շուկաներ: Դրամական միջոցների փոխանցման ամենաէժան ծառայություններն առաջարկում են ռուսական ձեռնարկությունները` միջինը նրանք գանձում են 2,4 տոկոս:

Ռուսաստանից Հայաստան մասնավոր դրամական փոխանցումները 2015-ի ապրիլին երկրի բանկային համակարգով ֆիզիկական անձանց անունով ոչ առևտրային նպատակով նվազել են 35 տոկոսով` 2014-ի ապրիլի համեմատ, կազմելով 70,4 մլն դոլար:

Ռուսաստանից փոխանցումների բաժինը մասնավոր փոխանցումների համախառն ծավալում հաշվետու շրջանում կազմել է 73,4 տոկոս:

ՌԴ-ից Հայաստան դրամական միջոցների արտահոսքը ապրիլին կազմել է 26,8 մլն դոլար` նվազելով 11,6 տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակահտվածի համեմատ:

Հայաստան կատարված դրամական փոխանցումները 2014 թ. նվազել են 7,5 տոկոսով` կազմելով 1,73 մլրդ դոլար կամ հանրապետության ՀՆԱ–ի 15,7 տոկոսը։ Նախորդ տարի գրանցված մասնավոր փոխանցումների նվազումը հիմնականում պայմանավորված էր ռուբլու արժեզրկման հետևանքով ռուսական դրամական փոխանցումների կրճատմամբ։ Ռուբլին 2014 թ.–ի սկզբից դոլարի նկատմամբ էժանացել էր ավելի քան 50 տոկոսով։

ԿԲ-ի գնահատականներով` ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները 2015 թ.–ին կկրճատվեն 30 տոկոսով ($1 – 480,62 դրամ):