Հայազգի մարզուհին Բաքվում ոսկե մեդալ է նվաճել

Հայազգի մարզուհին Բաքվում ոսկե մեդալ է նվաճել

PanARMENIAN.Net - Գյումրեցի Սեդա Թութխալյանը Ռուսաստանի սպորտային մարմնամարզության կանանց հավաքականի կազմում դարձել է Բաքվում ընթացող Եվրոպական մարզական առաջին խաղերի թիմային չեմպիոն:

Ռուսաստանի թիմը հավաքել է 116,897 միավոր՝ առաջ անցնելով Գերմանիայի (110,397) և Հոլանդիայի (110,099) թիմերից: Հավաքականի կազմում Թութխալյանի հետ հանդես են եկել Վիկտորիա Կոմովան և Ալիյա Մուստաֆինան, գրում է Ria.ru-ն:

Հայազգի մարզուհին նաև որակավորվել է անհատական առաջնության եզրափակիչ փուլ և կշարունակի մասնակցությունն առաջնությունում։

15-ամյա Թութխալյանը 2015-ի պատանեկան օլիմպիական չեմպիոն է: Սամբոյի աշխարհի և ԽՍՀՄ-ի եռակի չեմպիոն Գուրգեն Թութխալյանի դուստրը սկսել է մարզվել 7 տարեկանից Մոսկվայում:

Եվրոպական խաղերում Հայաստանն ունի մեկ արծաթե մեդալ, որը նվաճել է Միհրան Հարությունյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 66 կգ քաշային կարգում: Հրաձիգ Հրաչիկ Բաբայանը 10 մետր օդամուղ հրացանով վարժության որակավորման փուլում սահմանել է երիտասարդների Եվրոպայի ռեկորդ (629,3 միավոր), սակայն մրցաշարում գրավել 5-րդ տեղը:

Ադրբեջանի մայրաքաղաք մեկնած Հայաստանի հավաքականի կազմում 25 մարզիկ է, որոնք մրցում են տեկվանդո, հրաձգություն, սամբո, ձյուդո, բռնցքամարտ, ազատ ոճի և հունահռոմեական ըմբշամարտի մեդալների համար։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---