Մինչև հուլիսի 1-ը ՀՀ քաղաքացիները հետ կստանան պարտադիր կենսաթոշակային վճարները

Մինչև հուլիսի 1-ը ՀՀ քաղաքացիները հետ կստանան պարտադիր կենսաթոշակային վճարները

PanARMENIAN.Net - Հայաստանի քաղաքացիների պարտադիր կենսաթոշակային վճարները կվերադարձվեն մինչև 2015-ի հուլիսի 1-ը: Այդ մասին Ազգային ժողովում ասել է սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը։

«Ըստ օրենքի` այն անձանց գումարները, ովքեր դիմել են պարտադիր վճարները վերադարձնելու համար (մոտ 62.000 մարդ), կփոխանցվեն այն հաշվեհամարներին, որոնց վրա փոխանցվում են նրանց աշխատավարձերը։ Այս ընթացքում Դեպոզիտարիան աշխատանք է իրականացրել այդ հաշվեհամարները ճշտելու ուղղությամբ», – տեղեկացրել է նախարարը, մեջբերում է ԱՌԿԱ-ն։

Հայաստանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցները հնարավորություն ունեին մինչև 2014-ի հուլիսի 1–ը համակարգից հրաժարվելու մասին դիմում ներկայացնել, իսկ սեպտեմբերի 1–ից մինչև դեկտեմբերի 25–ն ընկած ժամանակահատվածում` դիմել իրականացրած պարտադիր վճարները վերադարձնելու համար։

Նրա խոսքով` փոխանցումները կիրականացվեն մինչև հուլիսի 1-ը, այդ թվում` հաշվի առնելով անցած ժամանակահատվածում հաշվարկված տոկոսները։

Նախատեսվում էր, որ բոլոր վճարները կվերադարձվեն համակարգի մասնակիցներին 2015–ի հունվարի 1–ից մինչև հուլիսի 1–ն ընկած ժամանակահատվածում։ Ըստ օրենքի` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը պետք է ուժի մեջ մտներ 2014–ի հունվարի 1–ից՝ 1974 թվականի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիների համար։

Սակայն հասարակական բողոքների ճնշման ներքո Սահմանադրական դատարանը նախ որոշեց, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը չի համապատասխանում Սահմանադրությանը, իսկ դրա մի շարք դրույթներ անվավեր են, հետո էլ խորհրդարանն ընդունեց օրենսդրական փոփոխություններ, ըստ որոնց` մինչև հուլիսի 1–ը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը գործում է պետական կազմակերպությունների աշխատակիցների համար։

Մասնավոր հատվածի համար համակարգը սկզբում ներդրվում է կամավոր կարգով և գործում 3 տարի, իսկ ժամկետը լրանալուց հետո պարտադիր բաղադրիչը տարածվում է նաև նրանց վրա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---