ՄԱԿ. 2014-ը ռեկորդային էր աշխարհում փախստականների քանակով

ՄԱԿ. 2014-ը ռեկորդային էր աշխարհում փախստականների քանակով

PanARMENIAN.Net - 2014 թվականին ավելի քան 60 մլն մարդ է ստիպված եղել լքել տունը պատերազմների, հակամարտության կամ հետապնդումների պատճառով: Սա ռեկորդային թիվ է, ասվում է ՄԱԿ գերագույն հանձնակատարի Փախստականների գծով վարչության զեկույցում, որը հրապարակվել է հունիսի 18-ին:

Ըստ զեկույցի, 2014-ին ամեն օր փախստականների, տեղահանվածների և քաղաքական ապաստան փնտրող անձանց թիվը ավելացել է 42,5 հազարով, ինչը չորս անգամ ավելի է, քան 2010-ին:

«Մենք վկաներն ենք կառուցվածքային փոփոխությունների, բռնի տեղահանվածների դարաշրջան չվերահսկվող անցման»,-մեջբերվում են զեկույցում փախստականների գծով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշի խոսքերը:

Ըստ փաստաթղթում բերված տվյալների, վերջին 5 տարում աշխարհի տարբեր երկրներում առնվազն 15 նոր հակամարտություն է բռնկվել, որից 8-ը` Աֆրիկայում (Կոտ դ’Իվուար, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն, Լիբիա, Մալի, հյուսիս-արևելյան Նիգերիա, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն, Հարավային Սուդան, Բուրունդի), 3-ը` Մերձավոր Արևելքում (Սիրիա, Իրաք, Եմեն), 1-ը` Եվրոպայում (Ուկրաինա), 3-ը` Ասիայում (Ղրղզստան, Մյանմա, Պակիստան): Այդ ճգնաժամերի մի մասն է միայն հաջողվել հանգուցալուծել, ուստի միայն 126,8 հազար մարդ է կարողացել 2014-ին վերադառնալ իր տուն` սա նվազագույն թիվն է վերջին 30 տարում:

«Սարսափելի է, որ մի կողմից աճում է հակամարտությունների սանձազերծման անպատժելիությունը, մյուս կողմից` միջազգային հանրությունը կարծես ի զորու չէ համատեղ աշխատելու և կանխելու պատերազմները»,-ասել է Գուտերեշը: Ըստ զեկույցի, տեղահանված անձանց թիվը Եվրոպայում 2014-ին ավելացել է 51 տոկոսով, Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում` 19 տոկոսով, Կենտրոնական Աֆրիկայում` 17 տոկոսով, Ասիայում` 31 տոկոսով, Ամերիկայի մայրցամաքում` 12 տոկոսով: 2014-ին Սիրիան դարձավ առաջատարը տեղահանվածների քանակով` ինչպես երկրի ներսում` 7,6 մլն, այնպես էլ սահմաններից դուրս` 3,88 մլն, ասվում է զեկույցում: Հաջորդում են Աֆղանստանը` 2,59 մլն և Սոմալին` 1,1 մլն, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---