18 հունիսի 2015 - 11:29 AMT
Human Rights Watch. Եվրոպական խաղերի թողած սարսափելի ժառանգությունը կարող է անդառնալի հետք թողնել

Դրական փոփոխությունների կատալիզատոր լինելու փոխարեն, ինչի հույսն ուներ միջազգային մարզական համայնքը՝ Եվրոպական խաղերը ևս մեկ զենք է դարձել Բաքվի համար իրեն որպես առաջադեմ և ժամանակակից պետություն ներկայացնելու համար, գրում է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով տնօրենի օգնական Ջեյն Բուչանանը:

Առաջին Եվրոպական խաղերը մեկնարկեցին Ադրբեջանում հունիսի 12-ին կառավարության աննախադեպ հետապնդումների ֆոնին: Իշխանությունները ձերբակալել են կառավարության տասնյակ քննադատների և թույլ չեն տալիս հիմնական եվրոպական կենտրոնների լրագրողներին մուտք գործել երկիր խաղերը լուսաբանելու համար: Նրանք նաև արգելել են Amnesty International կազմակերպությանը մամուլի ասուլիս հրավիրել Բաքվում:

Նա գրում է, որ ՖԻՖԱ-ի կոռուպցիոն սկանդալը միակ խոշոր ճգնաժամը չէ, որ ստեղծվել է այս ամառ միջազգային սպորտում: Առաջին Եվրոպական խաղերը բացվել են հունիսի 12-ին՝ Եվրոպայի ամենառեպրեսիվ երկրներից մեկում՝ Ադրբեջանում: Երկար տարիներ մարդու իրավունքների հետ կապված մտահոգիչ վիճակ ունենալով՝ Ադրբեջանի իշխանություններն ուժեղացրել են իրենց բռնաճնշումները տեղի լրագրողներին, իրավապաշտպաններին, ընդդիմադիր ակտիվիստներին և այլ քննադատների խաղերից առաջ լռեցնելու համար, հայտնում է Tert.am-ը:

Հեղինակը նշում է, որ Եվրոպական օլիմպիական կոմիտեները մեծամասամբ փակել են աչքերը տեղի ունեցող ռեպրեսիաների հանդեպ և, այդպիսով, շեղվել են Եվրոպական խարտիայից: Իսկ Ադրբեջանն էլ «հմտացել» է իր ռեպրեսիվ գործելաոճում ավելի քան երբևէ:

Հոդվածագիրը գրում է, որ մրցումների համար հարմար ենթակառուցվածքներ, մարզադաշտեր և այլ աշխատանքներ իրականացնելուց բացի՝ Ադրբեջանի իշխանությունները խաղերի համար մեկ հավելյալ օրակարգ էլ ունեին՝ լռեցնել անկախ ձայները: Նա հիշեցնում է վերջին ամիսներին երկրում լրագրողների և իրավապաշտպանների դեմ իրականացված գործողությունները, հիշատակում Լեյլա Յունուսի, Արիֆ Յունուսի, Խադիջա Իսմայիլովայի, Ռասուլ Ջաֆարովի և այլոց գործերի մասին:

Հեղինակը նշում է, որ չցանկանալով ցույց տալ իր դաժան գործելակերպը և չվնասել միջազգային դաշտում իր կեղծ իմիջին՝ իշխանությունները մերժել են երկիր ներս թողնել միջազգային դիտորդների և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև հրաժարվել են հավատարմագրել արևմտյան խոշոր լրատվամիջոցների լրագրողներին: Ադրբեջանը կոպտորեն խախտել է որպես Եվրոպական խաղերի հյուրընկալ երկիր մամուլի ազատությունն ապահովելու պահանջները: Միևնույն ժամանակ, Եվրոպական օլիմպիական կոմիտեները նույնպես չեն պահպանել Օլիմպիական խարտիան և չեն պահանջել երկրի իշխանություններից դադարեցնել նմանօրինակ գործողությունները:

Ադրբեջանի կառավարությունից մարդու իրավունքների ոլորտում դրական քայլեր պահանջելը միակ բանն է, որ այս պարագայում կարող են անել եվրոպական օլիմպիական կոմիտեներն ու եվրոպական երկրների կառավարությունները։ Այդ քայլերը պետք է ներառեն անարդարացիորեն ձերբակալված լրագրողների, ակտիվիստների և մյուսների անվերապահ ազատ արձակումը: Եթե ոչ, Եվրոպական խաղերի թողած սարսափելի ժառանգությունը կարող է անդառնալի հետք թողնել: 2019 թվականի խաղերի միակ հավակնորդը հետ է վերցրել հյուրընկալ երկիր հանդիսանալու իր առաջարկը, եզրափակում է հեղինակը:

Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանը ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար: Վերջին շաբաթվա ընթացքում բազմաթիվ լրագրողների և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների արգելվել է մտնել Բաքու կամ հավատարմագրվել խաղերը լուսաբանելու համար, ներառյալ՝ բրիտանական The Guardian-ը:

Ավելի վաղ Եվրախորհրդարանում Գերմանիայի ներկայացուցիչ Մարիետ Շաակեն կոչ արեց գործընկերներին ու Եվրոպայի քաղաքական գործիչներին բոյկոտել Եվրոպական խաղերն ու հրաժարվել մասնակցությունից այդ միջոցառմանը:

Մինչդեռ հունիսի 8-ին Եվրախորհրդարանի նիստում մի խումբ պատգամավորներ ակցիա անցկացրեցին` կոչ անելով ազատ արձակել Ադրբեջանում կալանավորված իրավապաշտպաններին ու լրագրողներին: Նախաձեռնությունը Եվրախորհրդարանի փոխնախագահ, «կանաչների» խմբակցության ներկայացուցիչ Ուլրիկե Լունաչեկինն էր: Նիստի բացմանը պատգամավորները շապիկներ էին հագել Լեյլա Յունուսի, Խադիջա Իսմայլովայի, Անար Մամեդլիի և մյուսների լուսանկարներով:

Լունաչեկն իր ելույթում հայտարարեց, որ Եվրոպան չի կարող անտեսել քաղբանտարկյալների հարցը և կոչ արեց ԵԽ-ին հատուկ բանաձև ընդունել:

Նիստին ընդառաջ հայտնի իրավապաշտպան կազմակերպությունները` Amnesty İnternational, Freedom House, Humaт Right Watch և Մարդու իրավունքների նորվեգական տունը, համատեղ հայտարարություն տարածեցին` մտահոգություն հայտնելով Ադրբեջանում Եվրախաղերի շեմին քաղաքացիական հասարակության հետապնդումների առնչությամբ:

Photo: AFP