18 հունիսի 2015 - 12:01 AMT
Արտերկրում պետության հաշվին զինվորների բուժման օրինագիծը վերջնական ընդունվել է

Հայաստանի Ազգային ժողովի հունիսի 18-ի արտահերթ նիստում խորհրդարանականները երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել են «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նախագիծը, որով նախատեսվում է զինվորական ծառայության ընթացքում հիվանդություն կամ խեղում ստացած զինծառայողների բուժումն արտերկրում իրականացնել պետական բյուջեի միջոցների հաշվին, ընդունվել է միաձայն՝ 101 կողմ ձայնով:

Առաջին ընթերցմամբ հունիսի 15-ին օրինագիծը ստացել էր 113 կողմ ձայն, 0-ական դեմ ու ձեռնպահ:

Նախագծի հեղինակներն անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ու ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանն են:

ՀՀ կառավարությանն առաջարկվել էր մարտական պայմաններում զինվորական ծառայություն իրականացնող զինծառայողների հետ կապված խնդիրներին առաջնային լուծում տալու համար օտարերկրյա պետությունում բուժում ստանալու հնարավորություն ընձեռնել մարտական հերթապահություն իրականացնելիս վիրավորված կամ վնասվածք ստացած զինծառայողներին՝ պետբյուջեի միջոցների հաշվին:

Կառավարության մայիսի 22-ի նիստում նախագիծը ներկայացնող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել էր, որ կիսում են պատգամավորի մտահոգություններն ու առաջարկում նախագիծը հաստատել հետևյալ փոփոխություններով՝ զինծառայողի ստացած վնասվածքի կամ խեղման կամ ծագած հիվանդության` Հայաստանի տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման (հետազոտության) անհնարինության դեպքում` զինծառայողի բուժումն իրականացվում է օտարերկրյա պետությունում:

Հայաստանից դուրս զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարը հատկացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին` ՀՀ կառավարության սահմանած կարգով և պայմաններով: Օտարերկյա պետությունում բուժման, ճանապարհածախսի և կեցության գումարը պետական միջոցների հաշվին հոգալու իրավունքից օգտվում են մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ խեղում կամ դրանց հետևանքով հիվանդություն ստացած զինծառայողները, բացառությամբ եթե ստացած վնասվածքը կամ խեղումը կամ դրանց հետևանքով ծագած հիվանդությունը նրանց կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետևանք է: Այն դեպքերում, երբ զինծառայողի բուժումը օտարերկրյա պետությունում կազմակերպելու համար անհրաժեշտ է ուղեկցող անձի առկայություն, ապա հատուցվում է նաև ուղեկցող անձի ճանապարհածախսը և կեցությունը օտարերկրյա պետությունում: