18 հունիսի 2015 - 12:19 AMT
Հայկական 2 սթարթափ $20.000 դրամաշնորհ է ստացել

Microsoft ինովացիոն կենտրոնը Հայաստանում իրականացնում է 4 ամիս տևողությամբ աքսելերացիոն ծրագրերը՝ ընդգրկելով նորարարական գաղափարներ ունեցող սթարթափեր: 2015-ի աքսլերեացիոն ծրագրի երկու հայկական սթարթափ՝ Flaxton-ը և Penny-ն $20.000 դրամաշնորհ են ստացել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) «Նորարարության զարգացման համաֆինանսավորվող մրցույթ»-ի շրջանակում:

Հայաստանի Microsoft ինովացիոն կենտրոնի հիմնական գործունեությունն ուղղված է հմտությունների, նորարար մտածողության զարգացմանը և տեղական ու միջազգային շուկաներում պահանջարկ ունեցող արտադրանքի/ծառայության մշակմանը։

Նախորդ աքսելերացիայի ծրագրի մասնակից սթարթափ Flaxton-ը, որը ամպային համակարգ է (cloud SaaS), 2015-ի հունիսի 22-23-ին Սան Ֆրանցիսկոյում կայանալիք DockerCon միջոցառման համար ընտրվել է որպես հեքըթոնի գաղափարներից մեկը։ Թիմի անդամ Տիգրան Բայբուրցյանը մեկն է ամբողջ աշխարհից ընտրված 8 խոսնակից, որը ներկայանալու է իր նորարարական գաղափարով։

Աքսելերացիայի ծրագրի ամբողջ ընթացքում ընտրված թիմերն աշխատանքներ են տանում իրենց արտադրանքի զարգացման ուղղությամբ` շրջապատված լինելով փորձառու մասնագետներով, խորհրդատուներով ու գաղափարակիցներով, մուտք ունենալով գլոբալ տեխնիկական և բիզնես ռեսուրսներին ու փորձին, հայտնում են Microsoft ինովացիոն Հայաստան կենտրոնից։

Սթարթափերը խորհրդատվություն են ստանում այնպիսի առաջատար մասնագետներից, ինչպիսիք են Sphero-ի գործադիր տնօրեն Փոլ Բերբերյանը, Contexti-ի գործադիր տնօրեն Սիդնի Մինասյանը և ուրիշներ։

2015-ի հունվարին մեկնարկած աքսելերացիայի ծրագրում ընդգրկված թիմերին իրենց մասնագիտական խորհուրդներով օգնել են Սան Ֆրանցիսկոյից, Սիդնեյից, Նյու Յորքից և Բոսթոնից ՏՏ ոլորտի փորձառու մասնագետներ` Էլի Դեյվիդը, Ռազմիկ Աբնուսը, Պերճ Այվազյանը, Նարեկ Սողմոնյանը, Միշել Դավուդյանը։

Հայաստանի Microsoft ինովացիոն կենտրոնը սկսել է իր գործունեությունը 2011 թվականի մայիսի 11-ին, որից անմիջապես հետո կենտրոնը միացել է ինովացիոն կենտրոնների համաշխարհային ցանցին և սկսել ակտիվ գործունեություն ծավալել Microsoft կողմից ամբողջ աշխարհում նորարար և սետղծագործ մտքի զարգացման նպատակով իրականացվող նախաձեռնությունների շրջանակում: