Բորդյուժա. Անհրաժեշտության դեպքում Հայաստանը օգնություն կստանա ՀԱՊԿ-ից

Բորդյուժա. Անհրաժեշտության դեպքում Հայաստանը օգնություն կստանա ՀԱՊԿ-ից

PanARMENIAN.Net - Հայաստանն օգնություն կստանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), եթե նման անհրաժեշտություն առաջանա, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան «Ռուսաստանն այսօր» մամուլի միջազգային կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսում:

«Հայաստանը ՀԱՊԿ լիիրավ անդամ է, որն իրավունք ունի ամբողջ անհրաժեշտ օգնությունը ստանալ իր դաշնակիցներից իր տարածքում իրավիճակի բացասական զարգացումների դեպքում»,-ասել է Բորդյուժան:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորություններին` Բորդյուժան նշել է, որ խնդրի լուծմամբ պետք է զբաղվի ԵԱՀԿ Մինսկի խումբը, իսկ մյուս ինստիտուտները չպետք է միջամտեն այդ հարցին, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Մեր դիրքորոշումը հետևյալն է` Լեռնային Ղարաբաղի խնդրի հանգուցալուծման շրջանակում գոյություն ունեն միջազգային մեխանիզմներ, այդ թվում Մինսկի խումբը, որը զբաղվում է այդ ձգձգված հակամարտության կարգավորման ուղիների մանրակրկիտ մշակմամբ, երկու կողմերի համար այդ խնդրի փոխըմբռնելի լուծման որոնումներով: Խորապես համոզված եմ, որ այլ ինստիտուտներ այսօր դրան չպետք է մասնակցեն` խառնաշփոթ չառաջացնելու համար»,-հավելել է նա:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները համաձայնեցրել են համատեղ գործողությունների կարգավորումը սահմանային հակամարտությունների դեպքում: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հուլիսի 29-ին՝ «Անխախտ եղբայրություն-2014» խաղաղարար զորավարժությունների բացման հանդիսավոր արարողության ժամանակ: Նաև նշվել է ռազմական գործակցության ու համատեղ խաղաղապահ գործողությունների անցկացման կարևորությունը:

Նման զորավարժություններ անցկացվում են արդեն երրորդ անգամ: Այս տարի մասնակցում է ՀԱՊԿ 6 անդամ երկրների տարբեր ստորաբաժանումների ավելի քան 700 զինծառայող: Բորդյուժան նշել է, որ այս պահից կազմակերպությունը մասնակցելու է խաղաղապահ գործողություններին:

«Ժամանակակից աշխարհում, երբ տարբեր ահաբեկչական կազմակերպություններ ապակառուցողական գործունեություն են վարում, ծայրահեղ կարևոր է ՀԱՊԿ անդամ երկրների ռազմական կառույցների միջև փոխհամագործակցության հարթեցումը»,- հայտարարել Բորդյուժան:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---