19 հունիսի 2015 - 14:19 AMT
Ալկոհոլի, ծխախոտի ու բենզինի ակցիզային հարկը կավելանա. Օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է

Հայաստանի Ազգային ժողովի հունիսի 19-ի նիստում «Ակցիզային հարկի» մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 56 կողմ, 38 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Նախագծի նպատակը ենթաակցիզային որոշ ապրանքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերի վերանայումն է, ինչպես նաև ենթաակցիզային ապրանքների ցանկի ընդլայնումը: Նախագծով առաջարկվում է ավելացնել ծխախոտի, ալկոհոլային խմիչքների, բենզինի ու դիզվառելիքի ակցիզային հարկի դրույքաչափերը ԵՏՄ-ն ակցիզային հարկի դրույքաչափերի հետ ներդաշնակեցման համար, ինչպես նաև սեղմված բնական գազի համար սահմանել ակցիզային հարկ:

«ԵՏՄ շրջանակներում ներկայումս ընթանում են անդամ պետություններում ծխախոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերի ներդաշնակեցման միջոցառումներ: Ընդ որում, ԵՏՄ անդամ բոլոր երեք պետությունում այդ ապրանքների սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը մի քանի անգամ բարձր են ՀՀ այդ ապրանքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերից», - նշվում է օրենքի նախագծում:

Ալկոհոլային խմիչքների, բենզինի և դիզելային վառելիքի ու ծխախոտային արտադրանքի համար ակցիզային հարկի դրույքաչափերը վերջին անգամ վերանայվել են 2-4 տարի առաջ և անցած տարիների ընթացքում այդ ապրանքների գների աճին համապատասխան դրույքաչափերը չեն ինդեքսավորվել: Միաժամանակ, գործող օրենսդրության համաձայն, տրանսպորտային միջոցներում որպես վառելիք օգտագործվող սեղմված բնական գազը չի համարվում ենթաակցիզային ապրանք:

Հայաստանը ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին: Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի տարի Հայատանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: