20 հունիսի 2015 - 13:30 AMT
78 մլն դրամ՝ անապահով ընտանիքներում վերարտադրողական առողջության պահպանմանը

Հունիսի 20-ին ներկայացվել են Հայաստանում վերարտադրողականության առողջության պահպանմանն ուղղված այն պայմաններն ու ծառայությունները, որոնք կառավարությունն անվճար արտոնել է սոցիալապես անապահով շահառու ընտանիքների համար: Ըստ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի՝ կառավարությունը 78 միլիոն դրամ է հատկացրել վերարտադրողականության առողջության պահմանման արտոնյալ ծրագրերին, գրում է «Երկիր»-ը:

«Մարդու վերարտադրողական առողջությունն օրենքով է կարգավորվում: Այս գործընթացի համար նախատեսված է 78 միլիոն դրամ: Սա առաջին տարին է, հետագայում արդեն կարող ենք հավելյալ գումարներ ակնկալելու մասին խոսել», - ասել է Խաչատրյանը:

Նա տեղեկացրել է, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած տվյալներով ընտրվում են անապահով խավերի ներկայացուցիչները, որոնց տրամադրվում է համապատասխան բուժում:

«Այդ գործընթացը ենթադրում է հետևյալ փուլերը` հետազոտություն, ախտորոշում և բուժում: 30-ից բարձր տարիքային խմբում մոտ 21.000 մարդ է տառապում անպտղությամբ: Անպտղությամբ տառապողների 3,4%-ն առաջնային մակարդակում են, 28,5-ը` երկրորդային անպտղությամբ են տառապում, 15,6%-ն էլ վերաբերում է տղամարդկանց անպտղությանը»,- տեղեկացրել է Խաչատրյանը:

Փոխնախարարի խոսքով, հուլիսի 1-ից քաղաքացիները կարող են դիմել նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողով` բուժօգնություն ստանալու համար: Դիմած զույգերից մեկը պետք է լինի ՀՀ քաղաքացի:

Խաչատրյանը նշել է նաև, որ ՀՀ-ում հինգ կլինիկա կարող է համապատասխան բուժօգնությունն իրականացնել: Խոսքը Հանրապետական, Մարգարյան, Շենգավիթի ծննդատների, «Վիտրոմեդ» բուժհաստատության, ինչպես նաև «Մարդու պտղաբերության կենտրոն» ՓԲԸ-ի մասին է:

Ըստ 2013-ի տվյալների՝ Հայաստանում արտամարմնային բեղմնավորման արժեքը տատանվում է 1.6 -1.8 միլիոն դրամի սահմաններում:

ՀՀ առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի տվյալների համաձայն՝ 2000-ին առաջնային և երկրորդային անպտղության մակարդակը կազմել է 39,1%: 2010-ին գրանցվել է 16,8% անպտղության դեպք: Այդուհանդերձ 2014- ին առաջնային անպտղության տոկոսը կազմել է 4,3, երկրորդայինը` 10,6, այսինքն` 14,9%: Անպտղությունն առկա է ոչ միայն կանանց շրջանում: