Հռոմի պապը քննադատել է գերտերություններին հայերի և այլ ժողովուրդների կոտորածները չկանխելու համար

Հռոմի պապը քննադատել է գերտերություններին հայերի և այլ ժողովուրդների կոտորածները չկանխելու համար

PanARMENIAN.Net - Հռոմի Ֆրանցիսկոս պապը քննադատել է գերտերություններին 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածները չկանխելու համար: Նա այդ մասին խոսել է Թուրինում՝ ասելով երիտասարդներին, որ հասկանում է, թե ինչու են նրանք դժվարանում վստահել աշխարհին:

«Նախորդ դարում միլիոնավոր հայեր են մահացել: Բայց որտե՞ղ էին գերտերություններն այդ ժամանակ: Նրանք այլ ուղղությամբ էին նայում»,- ասել է Հռոմի պապը:

Ֆրանցիսկոս պապն անդրադարձել է նաև Երկրորդ աշխարհամարտին, ինչպես նաև՝ Ռուսաստանում Ստալինի օրոք գործող ԳՈՒԼԱԳ-ներին (ճամբարների և կալանավայրերի գլխավոր վարչություն): Նա դատապարտել է գերտերություններին ոչինչ չձեռնարկելու համար, երբ Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հրեաները, քրիստոնյաները, միասեռականները և այլք ուղարկվում էին մահվան ճամբարներ, գրում է Tert.am-ը՝ Times-ին հղումով:

«Գերտերությունները երկաթուղիների լուսանկարներ ունեին, որոնցով գնացքները գնում էին Աուշվից՝ հրեաներին, քրիստոնյաներին, միասեռականներին, բոլորին սպանելու: Ինչո՞ւ նրանք չռմբակոծեցին այդ երկաթուղիները», - հարցրել է Հռոմի պապը:

Նա ասել է երիտասարդներին, որ այսօրվա աշխարհում «ամեն ինչ արվում է գումարի համար»: Ֆրանցիսկոս պապը նաև քննադատել է նրանց, ովքեր խաղաղություն քարոզելով՝ զենք են արտադրում և վաճառում:

Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրությունում հայերի սպանություններն անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: Նա հայտարարել է, որ XX դարում մարդկությունը վերապրել է երեք «մեծ չլսված ողբերգություն»` Հայոց ցեղասպանությունը, նացիզմն ու ստալինիզմը։

Հատկանշական է, որ պատարագը նախաձեռնել էր հենց Հռոմի պապը: Ճնշումը նրա և Սուրբ Աթոռի վրա եղել է աննախադեպ: Թուրքական կողմն ամեն կերպ փորձել է խաթարել պատարագի անցկացումը, սակայն ջանքերը զուր են անցել: Իսկ պատարագից հետո թուրքական հիստերիան նախագահի, վարչապետի, արտգործնախարարի, այլ նախարարների մակարդակով էր կոպիտ քննադատություններից մինչև վիրավորանքներ Հռոմի պապի և արգենտինացիների հասցեին:

Հռոմի պապը Վատիկանում` Արևելյան եկեղեցիների օգնության միավորման ընդլայնված նիստի մասնակիցների ընդունելության ժամանակ հորդորել է բարեգործներին քրիստոնյաներին օգնելիս չմոռանալ նաև Հայաստանի մասին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---