30 սեպտեմբերի 2006 - 14:46 AMT
Մեծ գնահատանքի է արժանի Փարիզի աջակցությունը եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցության հարցում
«Հայաստանի անկախացումից հետո Ֆրանսիան դարձյալ առաջիններից մեկը կանգնեց մեր երիտասրադ պետության կողքին, շարունակաբար աջակցում է մեր պետականության կերտմանը, տնտեսության, մշակույթի, կրթության զարգացմանը»,- հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը` Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հետ ներկա գնտնվելով Երեւանում Ֆրանսիայի հրապարակի բացման արարողությանը: Նրա խոսքերով, Ֆրանսիան հանդիսանում է Հայաստանի հուսալի գործընկերն է հանդիսանում միջազգային հարթակում: «Մեր երկրների միջեւ ծավալվում է հագեցած եւ օգտակար երկխոսություն բազմաթիվ ուղղություններով: Հատկապես մեծ գնահատանքի է արժանի Ֆրանսիայի աջակցությունը եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցության խորացման ուղղությամբ: Հատուկ կուզենայի շեշտել Ֆրանսիայի կառուցողական դերաատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Վերջին տարիներին մեր տնտեսական կապերն առաջընթաց են ապրել, ֆրանսիական խոշոր ընկերությունները հաջողակ ներդրումներ են անում մեր տնտեսության զանազան ճյուղերում: Ես կուզենայի ողջունել այդ ընկերություններից մի քանիսի ղեկավարներին, որոնք ներկա են այստեղ: Կուզենայի ընդգծել նաեւ մեր երկրների տասնյակ եղբայրացած քաղաքների եւ շրջանների միջեւ ծավալվող կապերը, որին նպաստում է խորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվ գործնեությունը: Մենք մեծ նշանակություն ենք տալիս եւ խրախուսում գիտահետազոտական, կրթության եւ մշակույթի բնագավառներում ծավալվող աշխույժ համագործակցությանը: Այդ առումով կարեւոր ձեռքբերումներից մեկը Երեւանում Ֆրանսիական համալսարանի գործնեությունն է: Համալսարանը ոչ միայն որակյալ կադրերի պատրաստման դարբնոց է, այլեւ Հայաստանում Ավանդաբար առկա ֆրանսախոսության խթանման կենտրոն: Այս ամենը խոսում է մեր երկրների բացառիկ հարաբերությունների մասին, որի ամենաթարմ վկայությունը Ֆրանսիայում Հայաստանի Տարվա անցկացումն է: Այն մեր երկրի համար լավ հնարավորություն է ստեղծում իր մշակույթն ու տնտեսությունը, անցյալն ու ներկան լայնորեն ներկայացնելու Ֆրանսիայում եւ նրա միջոցով` աշխարհին:

Ֆանսիայում ամենուր կարելի է հանդիպել հայկական հիշատակների` հուշարձանների, հայկական անվանումներով հրապարակներ եւ փողոցներ, հայկական տներ ու հաստատություններ: Ֆրանսիայի տարբեր վայրերում այսօր կանգնեցված են հայերին եւ Հայոց ցեղասպանությանը նվիրված հարյուրից ավելի հուշարձաններ: Դրանք հայ ժողովդրի հանդեպ հարգանքի եւ համակրանքի վկայություններ են, որի համար մենք շնորհակալ ենք Ֆրանսիայի ժողովրդին:

Պարոն նախագահ, ես ուրախ եմ, որ ձեր այցը Հայաստան հնարավորություն է ստեղծում արժանին մատուցելու Ֆրանսիային, նրա անունով կոչելու այս գեղեցիկ հրապարակը: Հրապարակը շրջապատում են թատրոններ, երաժշտական հաստատություններ, թանգարաններ, ժողովրդական հանդիպման վայրեր: Սա իրոք մեր քաղաքի ամենասիրված վայրերից է, Երեւանի տարբեր թաղամասերն իրար կապող հանգույցը, Երեւանի սիրտը: Եւ սրտի վրա այսուհետեւ դրոշմված է Ֆրանսիայի անունը: Ուրեմն թող այդ անունը հավերժ լինի, ինչպես հավերժ է մեր բարեկամությունը: Կեցցե' Ֆրանսիան: Կեցցե' Հայաստանը: Կեցցե' հայ-ֆրանսիական բարեկամությունը: