22 հունիսի 2015 - 15:22 AMT
ԵՄ-ն 6 ամսով երկարացրել է ՌԴ դեմ գործող պատժամիջոցները

Եվրամիության ԱԳ նախարարների խորհուրդը 6 ամսով երկարացրել է Ռուսաստանի դեմ գործող տնտեսական պատժամիջոցները, դրանք ուժի մեջ կմնան մինչև 2016 թ. հունվարի 31-ը: Այդ մասին հայտնել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ներկայացուցիչ Սյուզան Կիեֆերը:

«Սահմանափակող միջոցների գործողության երկարացման մասին որոշումն ընդունվել է»,-ասել է նա:

«Եվրամիությունը երկարացրել է Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցների ժամկետը մինչև 2016 թ. հունվարի 31-ը` նպատակ ունենալով հասնել Մինսկի պայմանավորվածությունների իրագործմանը»,-ասել է նա: Որոշումն ընդունվել է առանց քննարկումների, հայտնել է ՏԱՍՍ-ը:

Կիեֆերը հայտարարել է այդ մասին մինչ Լյուքսեմբուրգ կժամանեին ԵՄ բոլոր 28 երկրների ԱԳՆ ղեկավարները: Ինչպես հայտարարել է Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենտիլոնին Լյուքսեմբուրգ ժամանելուն պես, Եվրամիությունը կվերադառնա պատժամիջոցների ռեժիմի քննարկմանը 6-7 ամսից:

«6-7 ամսից մենք կքննարկենք պատժամիջոցների ռեժիմը տեղի ունեցող իրադարձությունների լույսի ներքո Մինսկի պայմանավորվածությունների շրջանակում»,-ասել է նա:

Իտալիայի ԱԳ նախարարը նշել է, որ «երկխոսությունը Ռուսաստանի հետ չափազանց կարևոր է»: «Մենք պետք է ներգրավենք Ռուսաստանին երկխոսության մեջ միջազգային ասպարեզում տարբեր հարցերի շուրջ: Կարծում եմ, երկխոսությունն անհրաժեշտ է այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են Լիբիան ու Սիրիան: Երկխոսությունը միանգամայն անհրաժեշտ է»,-ասել է նա:

Օրերս ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով տեղեկությունները պատժամիջոցների ժամկետի երկարացման մասին, ասել է, որ «դա նրանց հարցն է, ով սահմանել է այդ պատժամիջոցները»: Ըստ նրա, Ռուսաստանը կենտրոնանում է արդյունավետ աշխատանքի վրա:

Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները վատթարացան Ուկրաինայում ճգնաժամի պատճառով: Պատժամիջոցներ սահմանվեցին մի շարք բանկերի, պաշտպանական հատվածի ու էներգետիկ ընկերությունների դեմ: Ռուսական ընկերություններին արգելվեց վարկեր վերցնել Արևմուտքում 30 օրից ավելի ժամկետով, արգելված է երկակի նշանակության ապրանքների արտահանումը Ռուսաստան, նախատեսված հորատման և երկրաբանական հետախուզության համար: 2014-ի հուլիսին ԵՄ-ն ու ԱՄՆ-ն առանձին պատժամիջոցներից անցան ՌԴ տնտեսության ամբողջ ոլորտների դեմ ուղղված պատժամիջոցների կիրառմանը: Ռուսաստանը պատասխանեց սնդդամթեքի ներկրման էմբարգոյով ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից, Նորվեգիայից: