22 հունիսի 2015 - 15:00 AMT
ԱԺ-ն վավերացրել է Հայաստանում հայ-ռուսական հումանիտար կենտրոնի ստեղծման մասին համաձայնագիրը

Հայաստանի խորհրդարանը հունիսի 22-ին վավերացրել է Հայաստանում հայ-ռուսական հումանիտար կենտրոնի ստեղծման մասին համաձայնագիրը: Փաստաթուղթն ընդունվել է ձայների 100 «կողմ», 5` «ձեռնպահ» հարաբերակցությամբ:

Համաձայնագրով նախատեսվում է լայնածավալ տարածաշրջանային գործակցություն հումանիտար ուղղությամբ, մասնավորապես, փրկարար ուժերի ձևավորման, բաշխման ու կիրառման ոլորտներում: Կենտրոնը կստեղծվի Հայաստանի տարածքում Կոտայքի մարզի Գետարգել ավանում: Ռուսական կողմը կներդնի 40 մլն դոլար ավտոտեխնիկայի, ուղղաթիռների, թռչող սարքերի տեսքով, որոնք բացառապես հումանիտար բնույթ են կրելու, այսինքն օգտագործվելու են փրկարար աշխատանքների դեպքում, հայտնում է Armenia Today-ը:

Միջկառավարական կենտրոնի ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրվեց մայիսի 19-ին: «Ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնի կազմում կլինեն արձագանքման բոլոր համակարգերը, ներառյալ` ավիացիոն տեխնոլոգիաները: Մենք արդեն սկսում են կենտրոնի կազմավորումը, այնտեղ կլինի այն ամենն, ինչ անհրաժեշտ է մեծ աղետներին արձագանքելու համար` երկրաշարժերի, ջրհեղեղների, տեխնածին վթարների դեպքում»,-ասել է ՌԴ ԱԻՆ ղեկավար Վլադիմիր Պուչկովը:

Կենտրոնը թույլ կտա օպերատիվ և արդյունավետ կերպով արձագանքել արտակարգ իրավիճակներին երկու պետությունների սահմանամերձ տարածքներում, ինչպես նաև երրորդ երկրներում:

Կենտրոնում կպատրաստվեն և որակավորում կստանան արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման ոլորտի մասնագետներ, ինչպես նաև հումանիտար ականազերծման մասնագետներ: