$150 մլն-ի վարկ` «Հյուսիս-հարավ» մայրուղու կառուցմանը

$150 մլն-ի վարկ` «Հյուսիս-հարավ» մայրուղու կառուցմանը

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովը հունիսի 22-ի արտահերթ նիստում քննարկել է Հայաստանի և Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) միջև ապրիլի 14-ին ստորագրված «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության (4-րդ հերթ) նախագծի ֆինանսավորման համաձայնագիրը: Նախագծին համապատասխան՝ Հայաստանին պետք է ներդրումային վարկ տրամադրվի Եվրասիական տնտեսական ընկերակցության Կայունության ու զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից:

Հիմնական զեկուցող, ՀՀ կապի և տրանսպորտի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը հայտնել է, որ համաձայնագրով նախատեսվում է ԵվրԱզԷՍ–ի հիմնադրամի միջոցներից ներգրավել 150 միլիոն դոլարի վարկ, գրում է Panorama.am-ը:

556 կիլոմետր ընդհանուր երկարություն ունեցող «Հյուսիս–Հարավ» միջանցքը մուտք կապահովի դեպի Սև ծով և եվրոպական երկրներ Հայաստանի (Մեղրի–Կապան–Գորիս–Երևան–Աշտարակ–Գյումրի–Բավրա) և Վրաստանի տարածքներով։ Տրանսպորտային միջանցքի կառուցումն ամբողջովին կավարտվի 2019-ին: Ծրագրի հաշվարկային արժեքը կազմում մոտ 1,5 միլիարդ ԱՄՆ դոլար: Ծրագիրը բաժանված է 5 տրանշերի: Նշված ճանապարհային միջանցքի 3-րդ տրանշի ֆինանսավորման նպատակով Ասիական զարգացման բանկը տրամադրել է 100 մլն ԱՄՆ դոլարի վարկ: Եվս 60 մլն եվրոյի չափով վարկային միջոցներ է տրամադրել եվրոպական ներդրումային բանկը:

ԵվրԱզԷՍ–ի` 8,513 մլրդ ԱՄՆ դոլարի հակաճգնաժամային հիմնադրամը ստեղծվել է 2009թ.–ի հունիսի 9–ին` Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի կողմից: Հիմնադրամը հունիսի 15-ին վերանվանվել է Կայունության ու զարգացման եվրասիական հիմնադրամի` ԿԶԵՀ: Հիմնադրամի ստեղծման նպատակն է աջակցել անդամ երկրներին գլոբալ ֆինանսական ճգնաժամի հաղթահարման գործում, ապահովել նրանց տնտեսական և ֆինանսական կայունությունը, նպաստել ինտեգրացիոն գործընթացներին:

Վարկի օգտագործման առավելագույն ժամկետն է 20 տարի, վարկի տոկոսադրույքը ֆիքսված է 1.65%: Ըստ փոխնախարարի՝ վարկի օգտագործման 5 տարին արտոնյալ է, իսկ վարկի մայր գումարի մարումը նախատեսվում է իրականացնել ծրագրի իրականացման պահից 5 տարի անց: Համաձայնագրով նախատեսված է Ագարակից դեպի Քաջարան 20,5 կիլոմետր երկարությամբ ճանապարհի վերակառուցման ֆինանսավորումը, խորհրդատուի ծառայությունները, ինժեներական աշխատանքների ծառայությունները (2 մլն ԱՄՆ դոլար), չնախատեսված ծախսեր 6.850 միլիոն ԱՄՆ դոլարի չափով:

Ըստ Առաքելյանի՝ համաձայնագրով ՀՀ-ն ևս ստանձնում է ֆինանսական պարտավորություններ: Մասնավորապես, համաֆինանսավորվելու են վարկային ծրագրի իրականացման ընթացքում առաջացած անուղղակի հարկերը՝ շուրջ 30 միլիոն ԱՄՆ դոլարի չափով, ինչպես նաև հողօտարման գործընթացը՝ 4.5 միլիոն ԱՄՆ դոլարի չափով:

Ներդրումային այս ծրագրի նպատակն է ստեղծել արդյունավետ, անվտանգ և կենսակայուն Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք, որը կապահովի Հայաստանի ներքին տարածքների միջև, ինչպես նաև այլ երկրների հետ միջազգային կապը: Համաձայնագրի երրորդ մասնաբաժինը կազմված է հետևյալ հիմնական բաղադրիչներից` Թալին և Լանջիկ քաղաքների միջև գտնվող մոտ 18.7 կմ երկարությամբ երկուղի ճանապարհային հատվածի վերակառուցում և դրա ընդլայնում` վերածելով այն երկկողմանի երթևեկության քառուղի մայրուղու; երկարաժամկետ ճանապարհային ենթաոլորտային ծրագրի, ճանապարհային ակտիվների կառավարման և ընթացիկ պահպանության վարչական համակարգի մշակում և իրականացում; հյուսիս-հարավ միջանցքի մոտ 304 կմ երկարությամբ Արտաշատից Քաջարան հատվածի տեխնիկատնտեսական ուսումնասիրության պատրաստում: ծրագրի իրականացմանն աջակցություն և «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հետագա մասնաբաժնի նախապատրաստում, այդ թվում` տեխնիկատնտեսական ուսումնասիրության ևճարտարագիտական մանրամասն նախագծի պատրաստում: Եվրասիական զարգացման բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է՝ հիմնված Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2006 թ-ի հունվարին: ԵԱԶԲ կանոնադրական կապիտալը գերազանցում է 1.5 մլրդ դոլարը: Բանկի մասնակից պետություններ են հանդիսանում Ռուսաստանը, Ղազախստանը, Բելարուսը, Տաջիկստանը, Հայաստանը և Ղրղզստանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---