23 հունիսի 2015 - 10:16 AMT
ԱՄՆ պետդեպը դրական է գնահատել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների երկարաձգումը

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ն դրական է գնահատում Եվրոպական միության որոշումը՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ժամկետը երկարաձգելու վերաբերյալ, տեղեկացնում է korrespondent.net-ը:

«Մենք ողջունում ենք Եվրոպական միության որոշումը՝ կապված Ուկրաինայի արևելքում ռուսական ագրեսիայի հետ»,- հայտարարել է նա Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ընթացքում, հայտնում է Tert.am-ը:

Նա հստակեցրել է, որ Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցները G7-ում հստակ հասկացնել են տվել, որ այդ պատժամիջոցներն ուղղակի կապ ունեն Մինսկյան պայմանավորվածությունների կատարման հետ:

«Մենք դատապարտում ենք Ռուսաստանի ագրեսիվ գործողություններն Ուկրաինայի դեմ և միանում ենք միջազգային հանրությանը՝ պատժամիջոցների հարցով»,-ասել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը: Հունիսի 22-ին հայտնի դարձավ, որ Եվրամիության ԱԳ նախարարների խորհուրդը 6 ամսով երկարացրել է Ռուսաստանի դեմ գործող տնտեսական պատժամիջոցները, դրանք ուժի մեջ կմնան մինչև 2016 թ. հունվարի 31-ը: Այդ մասին հայտնել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ներկայացուցիչ Սյուզան Կիեֆերը: Եվրամիությունը կվերադառնա պատժամիջոցների ռեժիմի քննարկմանը 6-7 ամսից:

Իտալիայի ԱԳ նախարարը նշել է, որ «երկխոսությունը Ռուսաստանի հետ չափազանց կարևոր է»: «Մենք պետք է ներգրավենք Ռուսաստանին երկխոսության մեջ միջազգային ասպարեզում տարբեր հարցերի շուրջ: Կարծում եմ, երկխոսությունն անհրաժեշտ է այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են Լիբիան ու Սիրիան: Երկխոսությունը միանգամայն անհրաժեշտ է»,-ասել է նա:

Օրերս ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով տեղեկությունները պատժամիջոցների ժամկետի երկարացման մասին, ասել էր, որ «դա նրանց հարցն է, ով սահմանել է այդ պատժամիջոցները»: Ըստ նրա, Ռուսաստանը կենտրոնանում է արդյունավետ աշխատանքի վրա:

Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները վատթարացան Ուկրաինայում ճգնաժամի պատճառով: Պատժամիջոցներ սահմանվեցին մի շարք բանկերի, պաշտպանական հատվածի ու էներգետիկ ընկերությունների դեմ: Ռուսական ընկերություններին արգելվեց վարկեր վերցնել Արևմուտքում 30 օրից ավելի ժամկետով, արգելված է երկակի նշանակության ապրանքների արտահանումը Ռուսաստան, նախատեսված հորատման և երկրաբանական հետախուզության համար: 2014-ի հուլիսին ԵՄ-ն ու ԱՄՆ-ն առանձին պատժամիջոցներից անցան ՌԴ տնտեսության ամբողջ ոլորտների դեմ ուղղված պատժամիջոցների կիրառմանը: Ռուսաստանը պատասխանեց սնդդամթեքի ներկրման էմբարգոյով ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից, Նորվեգիայից: