Նստացույցը ցրելու արդյունքում բերման է ենթարկվել մոտ 250 քաղաքացի. Շտապօգնություն է դիմել 25 անձ (թարմացված)

Նստացույցը ցրելու արդյունքում բերման է ենթարկվել մոտ 250 քաղաքացի. Շտապօգնություն է դիմել 25 անձ (թարմացված)

PanARMENIAN.Net - Հունիսի 22 լույս 23-ի գիշերը Բաղրամյան պողոտայում անցկացրած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող «Ոչ թալանին» քաղնախաձեռնության նստացույցը հունիսի 23-ի վաղ առավոտյան ցրվել է ոստիկանական ուժերի կողմից:

Տարբեր տվյալներով բերման է ենթարկվել 200-250 քաղաքացի: Նրանց մի մասը տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի և Աբովյանի բաժանմունքներ: Ոստիկանության 11 ծառայող ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:

Առողջապահության նախարարություից էլ հայտնել են, որ լուսաբացին զանգվածային միջոցառման ժամանակ շտապօգնության ծառայություն է դիմել 25 անձ: 8-ը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», 4-ը` «Էրեբունի», 1-ը` «Արամյանց» բժշկական կենտրոններ և 2-ը` Մխ. Հերացու անվան առաջին համալսարանական հիվանդանոց:

Բժշկական կենտրոններ տեղափոխված տուժածներից տասը ունեցել է թեթև քերծվածքներ, սալջարդեր, ստացել է առաջին բուժօգնություն: Այս պահի դրությամբ` 8-ը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կետրոնում և պատրաստվում է դուրս գրման: Այսօր առավոտյան «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացի` տարբեր վնասվածքներով և գտնվում են հետազոտման փուլում:

Ավելի ուշ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել 10 քաղաքացի: Նրանցից 6-ը դուրս է գրվել հիվանդանոցից, մնացած 4-ը շարունակում է բուժում ստանալ, բայց շուտով նրանք ևս դուրս կգրվեն, գրում է Panorama.am-ը:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից էլ հայտնել են, որ ՄԻՊ արագ արձագանքման աշխատակիցներն արդեն մի քանի ժամ է՝ այցելում են ոստիկանության տարբեր բաժիններ, որտեղ Բաղրամյան պողոտայից և Ազատության հրապարակից բերման են ենթարկվել տասնյակ քաղաքացիներ:

Ըստ աղբյուրի, Օմբուդսմենի աշխատակազմի աշխատակիցների մեկ այլ խումբ էլ այցելում է հիվանդանոցներ, որտեղ նույնպես կան նստացույցը ցրելու հետևանքով տուժած բազմաթիվ քաղաքացիներ:

Ազգային ժողովի՝ հունիսի 23-ի արտահերթ նիստի մեկնարկին ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները մինչև քվեարկությունն անդրադարձել են առավոտյան Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ոստիկանների ու ցուցարարների բախմանը:

Պատգամավորները պահանջել են անմիջապես ազատ արձակել 237 բերման ենթարկվածին, որոնց մեջ կան նաև լրագրողեր:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշել է, թե Բաղրամյան փողոցը բացելուց հետո Ազատության հրապարակից են բերման ենթարկվել քաղաքացիները, ինչը նշանակում է, որ դա փողոցը բացելու հետ կապ չուներ։

«Պահանջում ենք անհապաղ բերման ենթարկվածներին ազատ արձակել, ապօրինի գործողությունների համար պետք է պատասխան տան»,-ասել է նա և նշել, թե որպես բողոքի նշան ՀԱԿ-ը լքում է դահլիճը:

«Բոլորս էլ հետևել ենք և ունենք գնահատականները, բոլորս էլ ցավ ենք ապրում, կարող են գնահատականները տարբեր լինել: Բարձրացված հարցերը կապ չունեն վարման կարգի հետ, բայց ես հարգանքով մոտեցա: Ընդմիջում կունենանք, կհրավիրենք խմբակցություններից բոլոր նրանց, ում հարցը հետաքրքրում է, կքննարկենք, կփորձենք լուծել»,- արձագանքել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ԱԺ նախագահին առաջարկել է քննարկել Բաղրամյան փողոցում իրականացված բռնության դեպքը:

Ի պատասխան, Գալուստ Սահակյանն արձագանքել է. «Ընդմիջմանը ոչ միայն խմբակցության ղեկավարներին, այլ նաև նրանց, ովքեր կատարվածի վերաբերյալ ասելիք ունեն, հրավիրում եմ ինձ մոտ քննարկման», մեջբերում է Panorama.am-ը:

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշել է, թե «դեպքերի թատերաբեմից է գալիս» և ցանկանում է վարման կարգով հաղորդում տալ հանցագործության մասին, քանի որ խոչընդոտել են լրագրողներին, որոնց հետ խոսել է և ովքեր հայտարարություն են արել:

Տեղի ունեցածը դատապարտել են նաև ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, Վահե Էնֆիաջյանը, ՕԵԿ պատգամավորներ Հեղինե Բիշարյանը, Հովհաննես Մարգարյանը< գրում է Tert.am-ը:

Կատարվածի առթիվ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ նշելով.

«Խախտված հասարակական կարգի վերականգնման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Բաղրամյան պողոտայում անօրինական երթ կազմակերպած քաղաքացիներին ՀՀ ոստիկանությունը տևական բանակցությունների միջոցով առաջարկել է ազատել հավաքի վայրը:

Միաժամանակ, հավաքի մասնակիցներին բարձրախոսով մի քանի անգամ հայտարարվել է, որ նրանց պահանջները պատրաստ է լսել Հայաստանի Հանրապետության նախագահը: Ոստիկանության կոչերը և խնդրանքները երթի կազմակերպիչների կողմից անտեսվել են: Կոչերը և խնդրանքները երթի կազմակերպիչների կողմից անտեսվել են»: Ոստիկանությունը հայտարարում է, որ գործողությունները բխում էին «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածից, համաձայն որի ժամը 22.00-ից մինչև 8.00-ն բնակելի և այլ շինություններին հարող տարածքներում անցկացվող հավաքները չեն կարող զուգորդվել անձանց հանգիստը խանգարող աղմուկով կամ լուսային ազդանշաններով»: Ոստիկանությունը հայտարարում է, հիշյալ կանխարգելիչ գործողությունները իրականացրել է հավաքի մասնակիցների նկատմամբ ուժ գործադրելուց հնարավորինս զերծ մնալու նկատառումներից ելնելով:

Այնուամենայնիվ, բանակցությունները և համոզման աշխատանքները արդյունքի չեն հանգեցրել կազմակերպիչների հակազդեցության պատճառով: Ստեղծված իրավիճակում ոստիկանությունը ուժ է կիրառել՝ հիմք ընդունելով «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը, համաձայն որի՝ հավաքը կամովին չդադարեցվելու դեպքում ոստիկանությունը ցրում է հավաքը:

Անդրադառնալով լրագրողների հանդեպ բռնությանը, ոստիկանությունը փաստացի բարդեց նրանց վրա բռնության ենթարվելու պատասխանատվությունը: հայտարարվում է, որ լրագրողները «հետևողականորեն անտեսել են հավաքի վայրից ողջամիտ հեռավորություն պահպանելու և ոստիկանության օրինական գործողությունները չխոչընդոտելու կոչերն ու հորդորները, ըստ էության՝ դառնալով հավաքի մասնակիցներ»:

«Հրապարակային միջոցառումների ընթացքում լրագրողները պարտավոր են կրել և ներկայացնել տարբերակիչ նշաններ ու համապատասխան փաստաթղթեր, չխոչընդոտել ոստիկաններին իրենց մասնագիտական պարտականություններն իրականացնելիս… Տվյալ դեպքում, որոշ լրագրողների կողմից օրենքով նախատեսված պահանջներն անտեսվել են, ինչը և հանգեցրել է անցանկալի հետևանքների», - ասվում է հայտարարության մեջ:

Հունիսի 19-ից «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները և նրանց միացած քաղաքացիները նստացույց էին անում Ազատության հրապարակում: Նրանք իշխանություններին վերջնաժամկետ էին տվել՝ մինչև հունիսի 22-ը ժամը 19:00-ն կասեցնել օգոստոսի 1-ից ուժի մեջ մտնող էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը, այլապես երթով կշարժվեն նախագահական նստավայր:

Ոստիկանները փակել են Բաղրամյան պողոտան՝ թույլ չտալով երթի մասնակիցներին առաջ շարժվել, ինչին հաջորդել է մոտ 10 ժամ տևած նստացույցը:

Ոստիկանության գործողությունների ընթացքում բացի ցուցարարներից, ծեծվել ու բերման էին ենթարկվել ցույցը լուսաբանող լրագրողներն ու օպերատորները: Ոստիկանները թիրախավորված կոտրել կամ առգրավել էին մի քանի տեսա- և ֆոտոխցիկներ կամ դրանց կրիչ սարքեր: Ծեծի էր ենթարկվել նաև PAN Photo-ի ֆոտոլրագրող Կարո Սահակյանը, նրա տեսախցիկը ձեռքից առել ու կոտրել էին, նրան էլ բերման ենթարկել ոստիկանական բաժանմունք, այնուհետև մի քանի ժամ անց ազատ արձակել։ Ի դեպ, Կարոյի վզին ամբողջ ընթացքում բեյջ էր կախված, որի վրա հստակ նշված է, որ նա մամուլի ներկայացուցիչ է:

Ծեծի էր ենթարկվել նաև PanARMENIAN.Net լրագրող Նիկոլայ Թորոսյանը, ֆոտոլրագրող Գևորգ Ղազարյանը, «Ազատություն» ռադիոկայանի օպերատորներ և լրագրողներ, այլ լրատվամիջոցների ներկայացուցիչներ (ցանկը թերի է), տասնյակ լրագրողներ բերման էին ենթարկվել, այնուհետև ազատ արձակվել:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---