23 հունիսի 2015 - 12:42 AMT
Վարկանիշ. Հայաստանը գլխավորել է ռիսկերի ցածր մակարդակով պետությունների ցուցակը

Հայաստանը գլխավորել է կայունության մակարդակով միջինից բարձր` ռիսկերի ցածր մակարդակով պետությունների ցուցակը` «Աշխարհի պետությունների թուլությունները 2015» վարկանիշի 178 երկրի շարքում զբաղեցնելով 108–րդ տեղը: Վարկանիշը հրապարակվել է Խաղաղության ամերիկյան հիմնադրամի և Foreign Policy ամսագրի կողմից:

2015–ի աշխարհի պետությունների թուլություններ վարկանիշն (Fragile States Index 2015) արտացոլում է իր տարածքի ամբողջականությունը վերահսկելու` իշխանությունների կարողությունը (և անկարողությունը), ինչպես նաև ժողովրդագրական, քաղաքական և տնտեսական իրավիճակը երկրում, գրում է ԱՌԿԱ գործակալությունը:

Վարկանիշում կայունության մակարդակով միջինից ցածր` ռիսկերի վտանգավոր մակարդակով պետություններն են։ Այդ ցուցակում են 91 երկիր` ներառյալ Իրանը (44–դ տեղ), Ուզբեկստանը (51), Տաջիկստանը (57), Ղրղըզստանը (62), Ռուսաստանը (65), Վրաստանը (70), Թուրքմենստանը (78), Ադրբեջանը (80), Ուկրաինան (84), Բելառուսը (87), Թուրքիան (90), Մոլդովան (96)։

Կայունության մակարդակով միջինից բարձր`ռիսկերի ցածր մակարդակով երկրների խմբում (56 պետություն) Հայաստանից բացի, ընդգրկված են նաև Ղազախստանը` զբաղեցնելով 110–րդ տեղը վարկանիշում։ Պետական ինստիտուտների բարեկեցության և կայունության գոտին ներառում է 15 երկիր` Ֆինլանդիայի գլխավորությամբ։

Fragile States Index–ի նախորդ տարվա վարկանիշում Հայաստանը կայունության մակարդակով միջինից ցածր` ռիսկերի վտանգավոր մակարդակով պետությունների խմբում էր։ Անբարենպաստ պետությունների ցուցակում (անկայունության բարձր մակարդակ` ռիսկերի ծայրահեղ մակարդակ) ընդգրկվել են 16 երկիր` Հարավային Սուդանի գլխավորությամբ։

Ինդեքսի վերլուծությունն անցկացվում է պետության, այսպես կոչված, «թուլության» 12 չափանիշի հիման վրա, որոնք միավորված են երեք խմբում` սոցիալական, տնտեսական և ռազմաքաղաքական։ Յուրաքանչյուր երկրի համար ամփոփիչ ինդեքսը հաշվարկվում է 0–ից (կայունության ամենաբարձր աստիճան` առավելագույն ցածր ռիսկեր և սպառնալիքներ) մինչև 10 (կայունության նվազագույն աստիճան` առավելագույն ռիսկեր և սպառնալիքներ)` տասը հատվածի կիրառմամբ։ Ընդհանուր արդյունքը` բոլոր ցուցանիշների համագումարը, (առավելագույնը` 120 միավոր) որոշիչ է դառնում վարկանիշը կազմելիս։

Հայաստանը 2015-ին ընդգրկվել է մեկ այլ միջազգային վարկանիշային ցանկում ևս. ըստ Numbeo միջազգային պորտալի տվյալների՝ Հայաստանը կյանքի որակի վարկանիշային ցանկում 86 երկրի շարքում 60-րդ տեղում է: Numbeo-ի Ցանկի առաջատարը Շվեցարիան է, երկրորդ տեղը զբաղեցնում է Գերմանիան, երրորդը՝ Շվեդիան: Թոփ տասնյակում են նաև ԱՄՆ-ն, Ֆինլանդիան, Դանիան, Ավստրիան, Ավստրալիան, Կանադան և Նոր Զելանդիան:

Ռուսաստանը զբաղեցնում է 72-րդ հորիզոնականը, Բելառուսը՝ 54-րդ, Թուրքիան՝ 50-րդ, իսկ Իրանը՝ 80-րդ տեղը: