23 հունիսի 2015 - 13:19 AMT
Դատախազությունն արձագանքել է Բաղրամյանի նստացույցին. Հարուցվել է քրգործ

Բաղրամյան պողոտայում հունիսի 22-ի լույս 23-ի գիշերն ու վաղ առավոտյան տեղի ունեցածի կապակցությամբ Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ առկա է քրեական գործ հարուցելու օրինական առիթը և հիմքը:

«2015թ. հունիսի 22-ին` սկսած ժամը 19.30-ից տևական ժամանակ մի խումբ անձինք, անօրինական հավաք, երթ, ապա նաև նստացույց կազմակերպելով Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում, ամբողջությամբ խափանել են հասարակական տրանսպորտի երթևեկությունը, բազմաթիվ քաղաքացիների ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքը, խաթարել անդորրը` դրանով իսկ դիտավորությամբ խախտել են հասարակական կարգը:

Նկատի ունենալով, որ նկարագրվածի պայմաններում առկա է քրեական գործ հարուցելու օրինական առիթը և հիմքը` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության` խուլիգանության հանցակազմի հատկանիշների առերևույթ առկայության մասին բավարար տվյալներ, ուստի 22.06.2015թ. Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով և զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով: Պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը վեց ամիս ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով):

22.06.2015թ. քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե` նախաքննություն կատարելու համար:

Դեպքերի մասնակիցների ստացած մարմնական վնասվածքների հանգամանքները պարզելու նպատակով, զանգվածային լրատվամիջոցների էլեկտրոնային կայքէջերից զննվել և քրեական գործի նյութերին են կցվել մի շարք հրապարակումներ և դեպքերի վերաբերյալ տեսաձայնագրություններ:

Քննչական կոմիտեում ստեղծվել է քննչական խումբ` բաղկացած 20 քննիչից:

Կատարվել է դեպքի վայրի զննություն: Ոստիկանության կողմից բերման ենթարկված անձանցից ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից հարցաքննվել է մոտ 40 անձ, մի շարք անձանց հարցաքննություններ ընթացքի մեջ են: Նշանակվել են դատաբժշկական, նյութագիտական և քրեագիտական փորձաքննություններ:

Կատարվել է հարցում Երևանի քաղաքապետարան, օպերատիվ հանձնարարականներ են տրվել ՀՀ ոստիկանության բաժիններին և Երևան քաղաքի վարչությանը: Նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի վարույթում»,- ասվում է հայտարարության տեքստում:

Հունիսի 19-ից «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները և նրանց միացած քաղաքացիները նստացույց էին անում Ազատության հրապարակում: Նրանք իշխանություններին վերջնաժամկետ էին տվել՝ մինչև հունիսի 22-ը ժամը 19:00-ն կասեցնել օգոստոսի 1-ից ուժի մեջ մտնող էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը, այլապես երթով կշարժվեն նախագահական նստավայր:

Ոստիկանները փակել են Բաղրամյան պողոտան՝ թույլ չտալով երթի մասնակիցներին առաջ շարժվել, ինչին հաջորդել է մոտ 10 ժամ տևած նստացույցը, որը հունիսի 23-ի վաղ առավոտյան ցրվել է ոստիկանական ուժերի կողմից:

Տարբեր տվյալներով բերման է ենթարկվել 200-250 քաղաքացի: Նրանց մի մասը տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի և Աբովյանի բաժանմունքներ: Ոստիկանության 11 ծառայող ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Առողջապահության նախարարություից էլ հայտնել են, որ լուսաբացին զանգվածային միջոցառման ժամանակ շտապօգնության ծառայություն է դիմել 25 անձ: 8-ը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», 4-ը` «Էրեբունի», 1-ը` «Արամյանց» բժշկական կենտրոններ և 2-ը` Մխ. Հերացու անվան առաջին համալսարանական հիվանդանոց: