23 հունիսի 2015 - 18:21 AMT
Փաստաբան. Լրագրողների դեմ ոստիկանների գործողություններում 2 հոդվածով հանցակազմ կա

Հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը Բաղրամյան պողոտայում անցկացրած էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող «Ոչ թալանին» քաղնախաձեռնության նստացույցի ցրման ժամանակ լրագրողների դեմ ոստիկանների գործողություններում ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Գարիկ Գալիկյանը ՀՀ քրեական օրենսգրքի «Գույքի դիտավորյալ ոչնչացում» և «Լրագրողի մասնագիտական աշխատանքի խոչընդոտում» հոդվածներով նախատեսված հանցակազմ է տեսնում:

«Տեխնիկայի ջարդման և բռնությունների մասով խորհուրդ եմ տալիս միանշանակ լուրջ քրեական գործընթաց սկսել: Կարծում եմ՝ արդյունք կլինի: Հակառակ դեպքում՝ սա արդեն նախադեպ է դառնում Հայաստանում: Չպետք է այնպես ստացվի, որ իրանք ճիշտ են, և այդպես էլ պետք է լինի»,- PanARMENIAN.Net-ին ասաց Գալիկյանը:

Ըստ ՀՀ ՔՕ 164-րդ հոդվածի, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը, որոնք կատարել է պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:

Ինչ վերաբերում է ոստիկանների գործողություններից մարմնական վնասվածքներ ստացած ցուցարարներին ու լրագրողներին, փաստաբանը նշեց, որ պետք է զննվել ու ստանալ այդ վնասվածքների աստիճանների բժշկական փորձաքննությունների արդյունքները:

Ըստ ՀՀ ՔՕ «Վնասների հատուցում» մասին 185-րդ հոդվածի, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը 1 տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով:

Գալիկյանի խոսքով՝ «Գալիկյան» փաստաբանական գրասենյակն հնարավորության սահմաններում պատրաստ է իրավաբանական աջակցություն ցուցաբերել բերման ենթարկվածներին:

Վաղ առավոտյան՝ ժամը 05:20-ի սահմաններում, ոստիկանությունը սկսեց գրոհը ջրցան մեքենայի շիթով։ Այնուհետև՝ ջրցանի աշխատանքի ներքո, գործի անցան ոստիկանները, որոնք սկսեցին «մաքրել» փողոցը ցուցարարներից: Երկրորդ և երրորդ մեքենաների կարիքը չկար՝ հաշված րոպեների ընթացքում պողոտայում ցուցարարներ ու լրագրողներ գրեթե չէին մնացել:

Գործողության ընթացքում, բացի ցուցարարներից, ծեծվեցին ու բերման ենթարկվեցին ցույցը լուսաբանող մի շարք լրագրողներ ու օպերատորներ: Ոստիկանները թիրախավորված կոտրեցին կամ առգրավեցին մի քանի տեսա- և ֆոտոխցիկներ կամ դրանց կրիչ սարքեր:

Ծեծի ենթարկվեց PAN Photo-ի ֆոտոլրագրող Կարո Սահակյանը, նրա տեսախցիկը ձեռքից առան ու կոտրեցին, նրան էլ բերման ենթարկեցին ոստիկանական բաժանմունք, այնուհետև մի քանի ժամ անց ազատ արձակեցին։ Ծեծի է ենթարկվել նաև PanARMENIAN.Net ի լրագրող Նիկոլայ Թորոսյանը:

Տարբեր տվյալներով բերման է ենթարկվել 200-250 քաղաքացի: Նրանց մի մասը տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի և Աբովյանի բաժանմունքներ: Ոստիկանության 11 ծառայող ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, Շտապօգնության ծառայություն է դիմել 25 անձ, որոնցից 8-ը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, 4-ը` «Էրեբունի», 1-ը` «Արամյանց» բժշկական կենտրոններ և 2-ը` Մխ. Հերացու անվան առաջին համալսարանական հիվանդանոց:

Բացի այդ, Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի որոշմամբ հունիսի 23-ին հաստատվել է արագ արձագանքման հանձնախմբի գործունեության մասին կարգը։ Համակարգող է նշանակվել փաստաբան Գևորգ Մկրտչյանը։ Այն հասարակական հիմունքներով գործող մարմին է, որն արձանագրում է փաստաբանի մասնագիտական գործունեության ընթացքում փաստաբանի լիազորությունների իրականացման խոչընդոտման դեպքերը կամ փաստաբանի նկատմամբ այլ անօրինական գործողությունները; նպաստում է փաստաբանների մասնագիտական գործունեության ընթացքում փաստաբանների լիազորությունների իրականացման խոչընդոտները վերացնելուն: