Էկոնոմիկայի նախարար. Պրահա-Երևան-Պրահա կանոնավոր չվերթները կարող են վերսկսել

Էկոնոմիկայի նախարար. Պրահա-Երևան-Պրահա կանոնավոր չվերթները կարող են վերսկսել

PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հունիսի 22-ին քննարկել է Երևան–Պրահա չվերթի վերսկսման հարցերը «Չեխական ավիաուղիներ» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ջոզեֆ Սինչակի և կոմերցիոն տնօրեն Յան Տոթի հետ: Քննարկումը նվիրված է եղել չեխական ավիաընկերության կողմից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ չվերթների սպասարկման վերսկսմանը:

Շեշտելով Հայաստանը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հետ կապող երթուղիների կարևորությունը և համապատասխան ուղղություններով մրցակցության ապահովման անհրաժեշտությունը` Կարեն Ճշմարիտյանը բարձրացրել է չվերթների վերսկսման ժամկետների, նախատեսվող սպասարկման հաճախականության և գործակցությանն առնչվող այլ հարցեր:

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ի ներկայացուցիչներն էլ հայտնել են իրենց պատրաստակամությունը` չեխական ավիաընկերությանն առաջարկելու սպասարկման նպաստավոր պայմաններ:

Չեխական պատվիրակության կազմում էր նաև ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Միկիսկան, հանդիպմանը մասնակցել են Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը, Զարգացման Հայկական Հիմնադրամի տնօրեն Արման Խաչատրյանը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն:

«Չեխական ավիաուղիները» Հայաստանի ուղղությամբ թռիչքները դադարեցրել են 2014-ի նոյեմբերին: Մինչ այդ Հայակական շուկայից հեռացել էին նաև British Airways-ը և Air Baltic-ը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հունիսի 3-ին Պրահայում հանդիպել է «Չեխական ավիաուղիներ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ժոզեֆ Սինչակի հետ և քննարկել Պրահա-Երևան–Պրահա կանոնովոր չվերթի վերսկսման հարցը:

Վարչապետը կարևորել է չվերթների վերաբացման անհրաժեշտությունը և ընդգծել, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է աջակցել ընկերությանն այս հարցում: Նրա համոզմամբ` չվերթների վերաբացումը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, հայ-չեխական բարեկամության ամրապնդմանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել «Չեխական ավիաուղիներ» ընկերության ղեկավարության Հայաստան այցելության շուրջ՝ տեղում ուսումնասիրելու և քննարկելու ուղիղ չվերթները գործարկելու հնարավորությունները, քանի որ չեխական կողմը ցանկություն ունի վերաբացելու կանոնավոր չվերթները:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---