55  22.06.15 - Հունիսի 22. Բողոքի ցույց ընդդեմ էլերկտրաէներգիայի թանկացման

Բաղրամյանը կրկին փակ է. Էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ ցույցը վերսկսվել է

Բաղրամյանը կրկին փակ է. Էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ ցույցը վերսկսվել է

PanARMENIAN.Net - Ազատության հրապարակում հունիսի 23-ին մեկնարկել է էլէներգիայի սակագնի բարձրաց ման դեմ «Ո՛չ թալանին» նախաձեռնության հանրահավաքը: Պահանջը նույնն է՝ չեղարկել էլէներգիայիսակագնի բարձրացման մասին ՀԾԿՀ որոշումը: Բացի այդ ցուցարարները նաև պահանջում են ազատ արձակել առավոտյան բերման ենթարկված քաղաքացիներին:

Հունիսի 23-ին՝ վաղ առավոտյան, ոստիկանության ուժերը ուժի կիրառմամբ ցրել են հունիսի 22-ի երեկոյան Բաղրամյան պողոտայում սկսված և մոտ 10 ժամ տևած նստացույցը: Արդյունքում ոստիկանական բաժանմունքներ բերման է ենթարկվել 237 անձ: Մոտ 25 մարդ էլ դիմել էր բուժօգնության՝ ստացած վնասվածքների արդյունքում:

Հավաքի սկզբում մասնակիցները պառակտվել են 2 մասի. մի մասը ցանկանում էր անմիջապես գնալ դեպի նախագահի նստավայր, մյուսները պնդում էին՝ հրապարակում պետք է մնալ այնքան ժամանակ, մինչև բոլոր բերման ենթարկվածներն ազատ արձակվեն: Ի վերջո բոլորը որոշեցին մնալ Ազատության հրապարակում և երթով դեպի նախագահական շարժվեցին մոտ մեկ ժամ անց:

«Մենք ունենք հստակ ծրագիր այսօրվա ու նաև հետագայի համար, բայց պետք է անպայման սպասենք մեր բոլոր ընկերներին հենց այստեղ: Սա երկարատև պայքար է, որը պետք է Հայաստանը դարձնի ազատ անկախ ու երջանիկ»,- ասել է նախաձեռնության անդամներից մեկը:

Նա նաև նշել է, որ չի կարողանում մտաբերել մի դեպք, երբ Բաղրամյան պողոտան փակ մնա 12 ժամ շարունակ. «Դա եղավ հենց անկախության սերնդի շնորհիվ, մեր պայքարի շնորհիվ»,- մեջբերում է Tert.am-ը:

Ժամը 20:00-ի շրջակայքում ակցիայի մասնակիցները հասան Բաղրամյան պողոտա, որտեղ նրանց կրկին դիմավորեցին շարք կազմած ոստիկանները:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ցուցարարների և լրագրողների հետ զրույցում նշել է, որ Բաղրամյան պողոտայում այսօր վաղ առավոտյան տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանության տարբեր բաժիններ բերման ենթարկված բոլոր երիտասարդներն ազատ են արձակվել:

Ցուցարարները մեծ աղբամաններ են բերել՝ բարիկադներ կառուցելով իրենց և ոստիկանների միջև: Նրանք դա բացատրում են նրանով, որ առավոտյան ոստիկաններն իրենց հանդեպ ուժ են կիրառել, և այժմ այս կերպ են փորձում պաշտպանվել հնարավոր վտանգից:

Հունիսի 19-ից «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները և նրանց միացած քաղաքացիները նստացույց էին անում Ազատության հրապարակում: Նրանք իշխանություններին վերջնաժամկետ էին տվել՝ մինչև հունիսի 22-ը ժամը 19:00-ն կասեցնել օգոստոսի 1-ից ուժի մեջ մտնող էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը, այլապես երթով կշարժվեն նախագահական նստավայր:

Ոստիկանները փակել են Բաղրամյան պողոտան՝ թույլ չտալով երթի մասնակիցներին առաջ շարժվել, ինչին հաջորդել է մոտ 10 ժամ տևած նստացույցը: Հունիսի 23-ին վաղ առավոտյան՝ ժամը 05:20-ի սահմաններում, ոստիկանությունը սկսեց գրոհը ջրցան մեքենայի շիթով։ Այնուհետև՝ ջրցանի աշխատանքի ներքո, գործի անցան ոստիկանները, որոնք սկսեցին «մաքրել» փողոցը ցուցարարներից: Երկրորդ և երրորդ մեքենաների կարիքը չկար՝ հաշված րոպեների ընթացքում պողոտայում ցուցարարներ ու լրագրողներ գրեթե չէին մնացել:

Գործողության ընթացքում, բացի ցուցարարներից, ծեծվեցին ու բերման ենթարկվեցին ցույցը լուսաբանող մի շարք լրագրողներ ու օպերատորներ: Ոստիկանները թիրախավորված կոտրեցին կամ առգրավեցին մի քանի տեսա- և ֆոտոխցիկներ կամ դրանց կրիչ սարքեր:

Ծեծի ենթարկվեց PAN Photo-ի ֆոտոլրագրող Կարո Սահակյանը, նրա տեսախցիկը ձեռքից առան, նրան էլ բերման ենթարկեցին ոստիկանական բաժանմունք, այնուհետև մի քանի ժամ անց ազատ արձակեցին։ Ավելի ուշ տեսախցիկն անվնաս վերադարձվել է տիրոջը:Ծեծի է ենթարկվել նաև PanARMENIAN.Net ի լրագրող Նիկոլայ Թորոսյանը:

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն արձագանքել է Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ի առավոտյան տեղի ունեցած դեպքերին: «Խիստ մտահոգված լինելով այսօր Երևանի կենտրոնում տեղի ունեցած դեպքերով, ինչպես նաև դրանց հետևանքով հարյուրավոր խաղաղ ցուցարարների, այդ թվում նաև՝ լրագրողների նկատմամբ ոստիկանության կիրառած անհամաչափ ֆիզիկական ուժի և ակտիվիստներին պատճառած մարմնական վնասվածքների կապակցությամբ՝ Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը սեփական նախաձեռնությամբ վարույթ է հարուցել:

Լուսադեմին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ Օմբուդսմենը հարցադրումներ է ուղղել Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին, Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին:

Հաշվի առնելով խնդրի հրատապությունը՝ հարցադրումներին պատասխանելու համար սահմանվել է նվազագույն 3-օրյա ժամկետ»,- ասվում է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ը մասնակի բավարարել է էլէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայտը՝ սակագինն օգոստոսի 1-ից կբարձրանա ոչ թե 17, այլ 6,93 դրամով: ՀԾԿՀ դիմելով՝ ՀԷՑ-ը առաջարկում էր 1 կՎտժ սակագինն ավելացնել մոտ 17 դրամով: Ներկայիս գործող 41,85 դրամ ցերեկային ու 31,85 դրամ գիշերային սակագինն այդ դեպքում կդառնար համապատասխանաբար 58.93 և 48.93 դրամ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---