24 հունիսի 2015 - 13:57 AMT
Lenovo-ն հայտարարել է ֆլեշ-կրիչի մեծության անհատական համակարգիչ ստեղծելու մասին

Մեծ ընկերությունները գնալով ավելի շատ են ներգրավվում փոքր անհատական համակարգիչների մշակման գործում: Նոութբուքերի, պլանշետների ու սմարթֆոնների չինական արտադրող Lenovo-ն հայտարարել է ֆլեշ-կրիչի մեծության անհատական համակարգչի ստեղծման մասին: Ideacentre Stick 300 սարքը կարելի է միացնել ցանկացած դիսփլեյի` վերածելով այն լիարժեք անհատական համակարգչի:

Համակարգիչը հնարավորություն է տալիս միանալ ինտերնետին և շփվել տեսաչաթով: ԱՄՆ-ում նորույթը վաճառքի կհանվի աշնանը 129 դոլրից սկսող գնով (մոտ 61 հազար դրամ ըստ գործող փոխարժեքի):

Ընդամենը 15 մմ հաստություն ունեցող Lenovo Ideacentre Stick 300-ն ունի Intel Baytrail Z3735F պրոցեսոր, 2 Գբայթ օպերատիվ հիշողություն և 32 Գբայթի համար նախատեսված կուտակիչ: Սարքը սկզբնական տարբերակում կթողարկվի տեղադրված Windows 8.1 համակարգով, սակայն կունենա մինչև Windows 10 անվճար թարմացման հնարավորություն: Ընկերությունը նաև Ideacentre Stick 300-ում տեղադրել է Microsoft Office 365 հավելվածների փաթեթը 3 ամիս անվճար օգտվելու հնարավորությամբ: Համակարգիչն ունի HDMI, MicroUSB 2.0 պորտ և SD-քարտի համար նախատեսված սլոթ: Սարքը հագեցած է ներկառուցված դինամիկով, այն դեպքի համար, եթե մոնիտորն այդպիսին չունենա:

Lenovo Group Limited - ընկերությունը հիմնադրվել է 1984 թվականին: Արտադրում է համակարգչային տեխնիկայի լայն տեսականի, այդ թվում PC, բջջային հեռախոսներ, սմարթֆոններ, նեթբուքներ, մոնիտորներ և այլն: Գրանցված է Սինգապուրում: Կենտրոնակայանը գտնվում է ԱՄՆ Նյու Յորքի նահանգի Փերչեյզ քաղաքում, իսկ հիմնական օպերացիոն գրասենյակները` Պեկինում և Ռեյլիում (ԱՄՆ): Հիմնական հետազոտական կենտրոնները գտնվում են ճապոնական Յամատոյում, Պեկինում, Շանհայում և Շենչժենում, ինչպես նաև Ռեյլիում (ԱՄՆ): 2014-ի դրությամբ ընկերությունն ուներ 54000 աշխատակից ավելի քան 60 երկրում: Ընկերությունը հաճախորդների է սպասարկում աշխարհի ավելի քան 160 երկրում: