25 հունիսի 2015 - 12:03 AMT
ԶԼՄ-ներ. ԻՊ գրոհայինները ներխուժել են Կոբանի

«Իսլամական պետության» գրոհայինները ներխուժել են թուրք-սիրիական սահմանին գտնվող Կոբանի, հայտնել է BBC News-ը:

Պարբերականը հղում է անում The Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպությանը, որի տվյալների համաձայն իսլամիստները գաղտնի մուտք են գործել քաղաք, որից հետո նրանցից մեկը պայթեցրել է իրեն սահմանային անցակետի մոտ: Առնվազն 5 մարդ զոհվել է, հայտնում է Lenta.ru-ն:

«Իսլամական պետության» գրոհայինները կրակ են բացել Կոբանիի կենտրոնում, մարտ է սկսվել, որը շարունկավում է նաև այս պահին: Ականատեսները հայտնում են, որ փողոցներում սպանվածների դիեր կան: Ինչպես հայտնել է Reuters գործակալությունը բժիշկների վրա հղումով, պայթյունի և մարտերի հետևանքով 12 մարդ է զոհվել, մոտ 70-ը վիրավորվել է:

2014-ի հոկտեմբերին քրդերի ինքնապաշտպանական ուժերը ազատագրեցին թուրք-սիրիական սահմանին գտնվող Կոբանի քաղաքը «Իսլամական պետության» ահաբեկիչներից: Կոբանի ռազմավարական նշանակությունը պայմանավորված է նրանով, որ ավանն ու արվարձանները խանգարում են ԻՊ ուժերին միանալ Սիրիայի հյուսիսում:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները ստիպում են Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Էլ Հասակե քաղաքի Ան Նաշվա շրջանի բնակիչներին լքել իրենց տները, հայտնել է Սիրիայի ազգային հեռուստատեսությունը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԻՊ գրոհայինները սկսել են գրոհել Էլ Հասակեն քաղաքի մուտքի մոտ գտվող սիրիական հենակատերի մոտ մի քանի ավտոմեքենա պայթեցնելուց հետո: Ահաբեկիչների առաջատար ջոկատները փորձում են դիրքավորվել քաղաքի արևմտյան շրջաններում, այդ թվում` Ան Նաշվայում:

Սիրիայի բանակը ստորաբաժանումներ է տեղափոխում Էլ Հասակե հարևան Ղամիշլիից: ՌՕՈւ ինքնաթիռներն ավիահարվածներ են հասցնում ԻՊ գրոհայինների թիկունքային ջոկատներին քաղաքից դեպի հարավ-արևմուտք: Ըստ Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնի, գրոհի հետևանքով զոհվել է 30 զինծառայող, ոչնչացվել է ավելի քան 20 ահաբեկիչ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հունիսի 24-ին հայտնի դարձավ, որ ԻՊ-ն մտադիր է վիլայաթ ստեղծել Հյուսիսային Կովկասում` Չեչնիայի, Ինգուշեթիայի, Դաղստանի ու Կաբարդինո-Բալկարիայի տարածքում: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ահաբեկչական կազմակերպության երկրորդ դեմքը համարվող Աբու Մուհամմադ ալ Ադնանին, որը կատարում է ինքնահռչակ խալիֆ Աբու Բաքր ալ Բաղդադիի մամուլի քարտուղարի գործառույթները: Նոր վիլայաթի վալի (կառավարիչ) է հռչակվել Աբու Մուհամմադ Կադարսկին:

«Իսլամական պետության» էքսպանսիան աշխարհի գլխավոր հիմնախնդիրներից մեկը դարձավ 2014-ին: Ըստ ԿՀՎ տվյալների, խմբավորումը մոտ 30 հազար գրոհային ունի:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

Photo. AP