2 հոկտեմբերի 2006 - 14:58 AMT
Ժակ Շիրակ. Պետք է կամենալ, ցանկանալ եւ հավատալ խաղաղությանը
Նախօրեին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակին, հաղորդում է Սուրբ Էջմիածնի մամլո դիվանը: Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Գարեգին Բ Հայրապետը նաեւ ծանուցեց Ֆրանսիայի նախագահին, որ առաջիկային որոշակի փոփոխություն է արձանագրվելու Ֆրանսիայի համայնքային կյանքում, որով Ֆրանսիայում հռչակվելու է մեկ թեմ, ինչին տասնյակ տարիներ ձգտում էր Հայոց Եկեղեցին եւ հայ համայնքը: Հայոց Հայրապետը` շնորհակալություն հայտնելով Ֆրանսիայի իշխանություններին` Հայոց ցեղասպանությանz ճանաչման եւ դատապարտման համար, որը «ոչ միայն արդարության վերականգնում էր հայ ժողովրդի հանդեպ, այլ ողջ մարդկության առջեւ»: Իր հերթին, Ժակ Շիրակն անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին, հայտարարեց. «Բնական էր, որ Ֆրանսիան առաջին երկրներից մեկը պետք է լիներ` ճանաչելու Հայոց ցեղասպանությունը օրենքի միջոցով: ...Հույս ունեմ, որ նման ոճիրները դատապարտելով` դրանք ապագային նորից չեն կրկնվի»: Ամենայն Հայոց կաթողիկոսը նշեց նաեւ Ֆրանսիայի եւ նրա նախագահի մեծ դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում` նշելով, որ շարունակելու է ըստ ամենայնի ջանքեր գործադրել, որպեսզի բոլոր նմանօրինակ խնդիրները, - ի մասնավորի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, խաղաղ լուծման առաջնորդվեն Տիրոջ զորակցությամբ - ողորմությամբ: Իր հերթին, նախագահ Շիրակը հաստատեց, որ Ֆրանսիան փորձում է Մինսկի խմբի շրջանակներում իր աջակցությունը բերել խնդրի լուծմանը: «Պետք է կամենալ, ցանկանալ եւ հավատալ խաղաղությանը»,- նշեց նախագահ Շիրակը:
Հանդիպման ավարտին Ֆրանսիայի նախագահը այցելեց Մայր Տաճար, եղավ Էջմիածնի գանձարանում: