26 հունիսի 2015 - 12:54 AMT
Էրդողանը ժխտում է ահաբեկիչներին աջակցելու Թուրքիայի հասցեին հնչող մեղադրանքները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է սիրիական Կոբանի բնակավայրի վրա «Իսլամական պետության» հարձակումն ու ահաբեկիչների հետ Թուրքիայի կապի մասին խոսակցությունները, տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:

«Անմեղ քաղաքացիներին թիրախ դարձրած այդ հարձակումը դատապարտում ենք: Մենք մինչ այսօր մեր երկրից ապաստան խնդրած, կարիքավոր, Թուրքիային վստահող ոչ մեկի առաջ մեր դռները չենք փակել: Դեպքից անմիջապես հետո էլ բոլոր վիրավոր սիրիացիները՝ մոտ 130 հոգի, մեր երկիր են տեղափոխվել և բուժում են ստանում հիվանդանոցներում»,-հայտարարել է Էրդողանը, հայտնում է Tert.am-ը:

Նա խոսել է նաև այն մարդկանց մասին, ովքեր Թուրքիային մեղադրում են ահաբեկիչների հետ համագործակցելու համար: «Եվս մեկ անգամ պարզորեն ասում եմ՝ Թուրքիային ահաբեկչության հետ նույն շարքում ներկայացնել ոչ ոք չի կարող և իրավունք ոչ ոք չունի»,-ասել է նա:

Հունիսի 25-ին հայտնի դարձավ, որ «Իսլամական պետության» գրոհայինները ներխուժել են թուրք-սիրիական սահմանին գտնվող Կոբանի: The Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպության տվյալների համաձայն, իսլամիստները գաղտնի մուտք են գործել քաղաք, որից հետո նրանցից մեկը պայթեցրել է իրեն սահմանային անցակետի մոտ: Առնվազն 5 մարդ զոհվել է: «Իսլամական պետության» գրոհայինները կրակ են բացել Կոբանիի կենտրոնում, մարտ է սկսվել: Ականատեսները հայտնում են, որ փողոցներում սպանվածների դիեր կան: Ինչպես հայտնել է Reuters գործակալությունը բժիշկների վրա հղումով, պայթյունի և մարտերի հետևանքով 12 մարդ է զոհվել, մոտ 70-ը վիրավորվել է:

Ավելի վաղ քուրդ աշխարհազորայիններին հաջողվեց գրավել Սիրիայի հյուսիսում գտնվող Այն Իսա քաղաքը, որը վերահսկում էին «Իսլամական պետության» գրոհայինները, իսկ դրանից առաջ` գրավել սիրիական Ռաքքա գավառում գտնվող ԻՊ ռազմակայանը: Քրդերը գրավել են Թել Աբիադ քաղաքը երկրի հյուսիսում: Նրանց հաջողվել է գրավել Թել Աբիադ-Ռաքքա մայրուղին Թուրքիայի սահմանի մոտ, որը ռազմավարական նշանակություն ունի:

Մինչդեռ Թուրքիան մտահոգված է քրդերի հաջողություններով Սիրիայում: Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առինչը հունիսի 16-ին հայտարարեց, թե «էթնիկ զտումների նշաններ է տեսնում Սիրիայի հյուսիսում ինչպես քուրդ աշխարհազորայինների, այնպես էլ «Իսլամական պետության» գործողություններում»: Թել Աբիադի գրավումը նշանակում է, որ այժմ քուրդ աշխարհազորայինների հսկողության տակ է գտնվում թուրք-սիրիական սահմանի 400-կիլոմետրանոց հատվածը: Հենց այդ հատվածով են երկրի տարածք անցնում ԻՊ շարքերը համալրել ցանկացող օտարերկրացիները:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ: