26 հունիսի 2015 - 14:09 AMT
Ահաբեկչություն Ֆրանսիայում. Կա զոհ և վիրավորներ, Օլանդն ընդհատել է այցը Բրյուսել (թարմացված)

Իսլամիստները ահաբեկչական գործողություն են կատարել ֆրանսիական Սեն Կենտեն Ֆալավիե քաղաքում` Իզեր դեպարտամենտ: Այդ մասին հայտնել է AFP գործակալությունը:

Ըստ նախնական տվյալների, 2 ահաբեկիչները ավտոմեքենան ուղղել են խտացված գազի գործարանի ուղղությամբ, դիմահար հարվածող կոտրել են դարպասներն ու մխրճվել պահեստավորված գազի բալոնների մեջ: Պայթյուն է տեղի ունեցել, կան բազմաթիվ վիրավորներ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ձեռնարկության մուտքի մոտ հայտնաբերվել է գլխատված դի և իսլամիստականկարգախոսներով դրոշ: Պատահարի վայր է մեկնել Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բերնար Կազնյովը: Հայտնի է, որ ոստիկաններին հաջողվել է ձերբակալել ահաբեկչության իրագործման կասկածյալին:

Իրավապահ մարմինները պարզել են ահաբեկչի ինքնությունը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն իր արտահերթ ելույթում: Նա ասել է, որ «բոլորին հիմա զգացմունքներն են պատել», բայց զգացմունքները բավարար չեն, գործել է պետք:

Հայտնի է, որ ձերբակալված կասկածյալը հրաժարվել է համագործակցել քննության հետ և ցուցմունքներ տալ: Հայտնի է դարձել նաև, որ զոհվածը գործարանի աշխատակից չէ: Հավանաբար, նրան գլխատել են, իսկ հետո արդեն տարել ահաբեկչության վայր:

Ֆրանսուա Օլանդն ընդհատել է այցը Բրյուսել և վերադառնում է Ֆրանսիա:

Իզերը գտնվում է Ֆրանսիայի հարավ-արևելքում, Լիոնից 20 կմ հեռավորության վրա: Վարչական կենտրոնն է Գրենոբլը:

Ավելի վաղ նախարարը հայտարարել էր, որ ահաբեկչության սպառնալիքը երկրում բարձր է մնում և կառավարությունը ձեռնարկում է «բոլոր միջոցները» հակազդելու համար այդ վտանգին:

Ըստ նրա տվյալների, Ֆրանսիայում «1750 մարդ այս կամ այն առնչությունն ունի ահաբեկչական ցանցերին, 113 ֆրանսիացի կամ ֆրանսաբնակ զոհվել է ահաբեկիչների մասնակցության հակամարտություններում, 60 մարդու արգելվել է ելքը երկրից, 36 կայք է արգելափակվել ահաբեկչությանը հավանություն տալու համար»:

Ընթացիկ տարվա հունվարին Ֆրանսիան արդեն հայտնվել է իսլամիստ ահաբեկիչների թիրախում:

Ահաբեկչությունների և արտակարգ պատահարների շարքը Ֆրանսիայում սկսվեց հունվարի 7-ի առավոտյան Charlie Hebdo-ի վրա գրոհով: Երեք օրում 17 մարդ զոհվեց, այդ թվում 3 ոստիկան: Երկու հատուկ գործողոությունների արդյունքում ոչնչացվեց 3 ահաբեկիչ:

Հունվարի 7-ին զինված հարձակում կատարվեց Ֆրանսիական հայտնի Charlie Hebdo երգիծական թերթի փարիզյան խմբագրության վրա: Ըստ տարբեր տվյալների, հարձակվողները երկու կամ երեք տղամարդ են եղել: 12 մարդ է զոհվել, առնվազն 10 մարդ վիրավոր է: Իսլամիստների գրոհը վրեժ էր Մոհամեդ մարգարեի ծաղրանկարի համար: Ամսագիրը բազմիցս է ծաղրանկարներ հրապարակել կրոնական թեմաներով՝ հարուցելով իսլամիստների վրդովմունքը: Հարձակման մեջ կասկածյալներ համարվեցին Ֆրանսիայի քաղաքացիներ, ծագումով ալժիրցի եղբայրներ Սաիդ և Շերիֆ Կուաշիները: Երրորդ ենթադրյալ հանցագործը սպասել է մեքենայում: Ավելի ուշ հետախուզում հայտարարվեց 18-ամյա Համիդ Մուրադի հանդեպ, սակայն նա հանձնվեց ոստիկանությանն ու հայտարարեց, որ ալիբի ունի:

Շուրջ 50 հակամահմեդական միջադեպ է տեղի ունեցել Ֆրանսիայում ահաբեկչություններից հետո: Հունվարի 11-ին ամբողջ Ֆրանսիայի տարածքում մոտ 3,7 մլն մարդ մասնակցեց Charlie Hebdo հանդեսի խմբագրության վրա հարձակման զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին:

Ըստ իրավապահների, միայն Փարիզում Միասնության երթին մասնակցել է 1,6 մլն մարդ: