26 հունիսի 2015 - 14:52 AMT
Մոսկվայում հայաստանցի ցուցարարներին սատարող համերաշխության ակցիա կանցկացվի

Հունիսի 27-ին, տեղի ժամանակով 15:00-ին Մոսկվայում ՀՀ դեսպանատան մոտ տեղի կունենա համերաշխության ակցիա, որի նպատակն է սատարել Հայաստանի քաղաքներում ընթացող էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ բողոքին:

Ակցիայի կազմակերպիչների Facebook-յան էջում նշվում է, որ ակցիան բացառապես խաղաղ բնույթ է կրելու:

«Մենք մտադիր չեն խանգարելու Մոսկվայի հասարակական կարգը, մենք թույլ չենք տա մեր ակցիայի ընթացքում զանգվածային անկարգություններ: Խնդրում ենք Մոսկվայի իշխանություններին ու բնակիչներին ըմբռնումով մոտենալ և ձեր ներողամտությունն ենք հայցում հնարավոր անհարմարության համար: Մեր ակցիայի նպատակն է դժգոհություն հայտնել ՀՀ իշխանությունների գործողությունների վերաբերյալ` նամակ փոխանցելով դեսպանատան ներկայացուցչին: Մեր նպատակին հասնելուն պես մենք կցրվենք տներով»,-հայտարարում են կազմակերպիչները` կոչ անելով մոսկվաբնակ հայերին միանալ իրենց, PanARMENIAN.Net-ին են հայտնել Հայ-ռուսական տեղեկատվական կենտրոնում:

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հունիսի 19-ից նստացույց են անցկացնում Երևանի կենտրոնում Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ: Հունիսի 23-ին՝ վաղ առավոտյան, ոստիկանությունն ուժի կիրառմամբ ցրել է հունիսի 22-ի երեկոյան Բաղրամյան պողոտայում սկսված և մոտ 10 ժամ տևած նստացույցը: Արդյունքում ոստիկանական բաժանմունքներ բերման էր ենթարկվել 237 անձ, որոնք բոլորն էլ արդեն ազատ են արձակվել և հարուցված քրգործով հանդես են գալիս որպես վկա: Մոտ 25 մարդ էլ դիմել էր բուժօգնության՝ ստացած վնասվածքների արդյունքում:

Բողոքի ցույցը վերսկսվեց հունիսի 23-ի երեկոյան, երբ Ազատության հրապարակում հավաքվածները կրկին գնացին Բաղրամայնի պողոտա, որտեղ էլ մնում են մինչ օրս: Ակցիայի մասնակիցները պահանջում են չեղարկել ՀԾԿՀ-ը որոշումը էլէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ:

Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ը մասնակի բավարարեց էլէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայտը՝ սակագինն օգոստոսի 1-ից կբարձրանա ոչ թե 17, այլ 6,93 դրամով: ՀԾԿՀ դիմելով՝ ՀԷՑ-ը առաջարկում էր 1 կՎտժ սակագինն ավելացնել մոտ 17 դրամով: Ներկայիս գործող 41,85 դրամ ցերեկային ու 31,85 դրամ գիշերային սակագինն այդ դեպքում կդառնար համապատասխանաբար 58.93 և 48.93 դրամ: