26 հունիսի 2015 - 14:34 AMT
Ճապոնիան պատրաստ է ընդլայնել գործակցությունը ՀՀ առողջապահության ոլորտում

Ճապոնիայի կառավարությունը պատրաստակամ է ընդլայնել Հայաստանի առողջապահության ոլորտում գործակցությունը: Այս մասին հայտնել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ հանդիպման ժամանակ:

«Կարծում ենք, որ համատեղ ծրագրերը շարունակական կլինեն»,- ընդգծել է նախարարը՝ բարձր գնահատելով «Թոշիբա մեդիքալ սիսթեմ» ճապոնական ընկերության կողմից ՀՀ-ում կատարված աշխատանքը, գրանցված հաջողություններն առողջապահական ոլորտում, տեղեկացնում են առողջապահության նախարարությունից:

Մուրադյանը նաև հայտնել է, որ ընկերության ղեկավարի հետ վերջերս կայացած հանդիպմանը քննարկվել են համատեղ ծրագրեր իրականացնելու հեռանկարները: Այս համատեքստում նա շեշտել է, որ Հայաստանի համար հետաքրքիր է Ճապոնիայի առողջապահական համակարգի փորձը ոչ միայն ֆինանսավորման, այլև կառավարման տեսանկյունից: Մասնավորապես` կարևորվել է բնակչության առողջության պահպանման առաջնային օղակի հզորացմանն ուղղված քաղաքականությունը, որին են միտված նաև ՀՀ առողջապահության նախարարության վերջին շրջանում իրականացվող մի շարք ծրագրեր:

Մուրադյանը հայտնել է, որ Հայաստանի առողջապահության բնագավառում Ճապոնիայի ժողովրդի և Ճապոնիայի կառավարության (Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալության (JICA) միջոցով) անհատույց օգնությամբ արդեն իսկ իրականացվել է դրամաշնորհային երեք ծրագիր:

«Անգնահատելի է Ձեր աջակցությունը Հայաստանի առողջապահական հիմնարկների տեխնիկական վերազիննման գործում»,- ընդգծել է նախարարը

Հայաստանի հիվանդանոցների տեխնիկական վերազիննման գործում փոխգործակցությունը սկսվել է դեռևս 1997-ին, երբ ՀՀ կառավարությունը Ճապոնիայի կառավարությանը «Արմենիա» բժշկական կենտրոնը սարքավորումներով հագեցնելու նպատակով հայտ էր ուղղել Ճապոնական ODA դրամաշնորհային ծրագրի շրջանակում: Երկրորդ ծրագրում ընդգրկված էին հանրապետության երեք հիվանդանոց: Վերջին ծրագիրը իրականացվել է տաս տարի առաջ՝ 2005-ին: Երրերդ ծրագրի շնորհիվ սարքավորումներով հագեցավ մարզային երկու (Հրազդանի և Գավառի) և երևանյան մեկ (Պերինատոլոգիայի, մանկարձության և գինեկոլոգիայի կենտրոն) ծննդատուն: