«Ոչ թալանին» նախաձեռնությունը հրապարակել է իր 3 պահանջը

«Ոչ թալանին» նախաձեռնությունը հրապարակել է իր 3 պահանջը

PanARMENIAN.Net - «Ոչ թալանին» քաղնախաձեռնությունը հունիսի 26-ին հրապարակել է իր հստակ 3 պահանջը՝ վերանայել և չեղյալ հայտարարել ՀԾԿՀ-ի ապօրինի կայացրած հոսանքի սակագնի որոշումը, վերանայել 2014-ի սակագինը նվազեցման նպատակով, պատժել բոլոր այն կարգազանց ոստիկաններին, որոնք անօրինաբար հունիսի 23-ի առավոտյան Բաղրամյան պողոտայում ծեծի ենթարկեցին խաղաղ ցուցարարներին, ինչպես նաև պատժել նրանց հրաման տվողներին:

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հունիսի 19-ից նստացույց են անցկացնում Երևանի կենտրոնում Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ: Հունիսի 23-ին՝ վաղ առավոտյան, ոստիկանությունն ուժի կիրառմամբ ցրել է հունիսի 22-ի երեկոյան Բաղրամյան պողոտայում սկսված և մոտ 10 ժամ տևած նստացույցը: Արդյունքում ոստիկանական բաժանմունքներ բերման էր ենթարկվել 237 անձ, որոնք բոլորն էլ արդեն ազատ են արձակվել և հարուցված քրգործով հանդես են գալիս որպես վկա: Մոտ 25 մարդ էլ դիմել էր բուժօգնության՝ ստացած վնասվածքների արդյունքում: Բողոքի ցույցը վերսկսվեց հունիսի 23-ի երեկոյան, երբ Ազատության հրապարակում հավաքվածները կրկին գնացին Բաղրամյան պողոտա, որտեղ էլ մնում են մինչև օրս:

ՀՀ կառավարությունում հունիսի 26-ին տեղի է ունեցել քննարկում՝ էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական գործակցության ընթացքի և զարգացման վերաբերյալ: Քննարկվել են էներգետիկայի բնագավառում իրականացվող համատեղ ծրագրերը և փոխգործակցության խորացման հեռանկարային ուղղությունները, տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի կենտրոնը: Անդրադարձ է կատարվել նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության շուրջ ստեղծված իրավիճակին:

Հայկական կողմից քննարկմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանը, ռուսական կողմից՝ ՌԴ տրանսպորտի նախարար, ՀՀ և ՌԴ միջև տնտեսական գործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը և պաշտոնատար այլ անձինք:

Նույն օրը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Սոկոլովն ասել է, որ «Հայկական էլեկտրական ցանցեր»-ի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկել են Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։ Մանրամասներ Սոկոլովը չի հաղորդել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ը մասնակի բավարարեց էլէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայտը՝ սակագինն օգոստոսի 1-ից կբարձրանա ոչ թե 17, այլ 6,93 դրամով: ՀԾԿՀ դիմելով՝ ՀԷՑ-ը առաջարկում էր 1 կՎտժ սակագինն ավելացնել մոտ 17 դրամով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---