26 հունիսի 2015 - 16:47 AMT
Financial Times. Հունաստանը զիջումների կգնա վարկատուներին

Հունաստանի իշխանությունները եվրոյի գոտու երկրների ֆինանսների նախարարներին են ներկայացրել իրենց առաջարկները` համաձայնվելով մի շարք զիջումների վարկատուների պահանջով, հայտնում է Financial Times-ը:

Պարբերականի տրամադրության տակ է հայտնվել փաստաթուղթը, որը փոխանցվել է Եվրախմբին հունիսի 25-ին: Ըստ պարբերականի, Հունաստանը պնդում է, որ բոլոր այն կորպորացիաները, որոնց շահույթը գերազանցում է 500 հազար եվրոն, 12% հարկ վճարեն, ինչն, ըստ կառավարության հաշվարկների, մինչև հաջորդ տարվա ավարտը գանձարան կբերի 1,4 մլրդ եվրո:

Բացի այդ, նշվում է գործատուների կենսաթոշակային հիմնադրամ փոխանցվող գումարը 3,9% բարձրացնելու և կենսաթոշակային տարիքն աստիճանաբար ավելացնելու անհրաժեշտությունը` մինչև 67 տարեկան: Հունաստանի իշխանությունները պնդում են, որ աղքատ թոշակառուներին տրվող դրամաշնորհները ոչ թե աստիճանաբար դադարեցվեն, այլ «փոխարինվեն»:

Վարկատուներն իրենց հերթին նշում են, որ այդ միջոցները կարող են բացասական ազդեցություն ունենալ Հունաստանի տնտեսական աճի վրա: Նրանք, մասնավորապես, պնդում են, որ կենսաթոշակային տարիքի բարձրացումն «ավելի ագրեսիվ տեմպերով» ընթանա:

Միևնույն ժամանակ, ասվում է, որ Հունաստանի իշխանությունները մի շարք զիջումների են գնացել: Մասնավորապես, Աթեքնը համաձայնվել է բարձրացնել կենսաթոշակային տարիքը մինչև 2022 թ., ոչ թե 2025 թ., ինչպես նախկինում էր ենթադրվում: Հունաստանը նաև որոշել է «փոխարինել» թոշակառուների դրամաշնորհային համակարգը 2 տարով ավելի շուտ` 2018-ին: Մյուս հարցերում Աթենքն ու վարկատուները նախկինի պես հեռու են համաձայնությունից, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հունաստանն ու նրա վարկատուները արդեն մի քանի ամիս է բանակցում են երկրում բյուջեի տնտեսման ու բարեփոխումների ծրագրի շուրջ: Համաձայնության գալու վերջին ժամկետը հունիսի 30-ն է: Հետո ծրագիրն այլևս չի գործի և մնացած 7,2 մլրդ եվրոն այլևս չի հատկացվի Հունաստանին: Հունիսի 30-ին Հունաստանը պետք է մարի ԱՄՀ վարկի հերթական մասնաբաժինը:

Հունիսի 23-ին Բրյուսելում աշխատանքն ավարտեց հունական պարտքի վերաբերյալ գումարված արտահերթ Եվրագագաթնաժողովը, որի արդյունքները միանշանակ չեն Հունաստանի համար: Մի կողմից, երկիրը մնում է եվրոյի գոտում և դրամական միջոցներ է ստանում Եվրամիությունից, մյուս կողմից` ստիպված է փոխզիջման գնալ` պահպանելով սոցիալական լարվածությունը:

Եվրամիությունը Հունաստանին 35 մլրդ եվրո կտրամադրի մինչև 2020 թ.: Ինչպես հայտարարեց Եվրահաձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, միջոցները «հատկացվում են ոչ միայն բյուջեի կոնսոլիդացիայի համար, դրանք անհրաժեշտ են իրական տնտեսության համար»` աշխատատեղերի ստեղծման համար: Սակայն Եվրամիությունը չի պատրաստվում չեղյալ համարել Հունաստանի պարտքը, հայտարարեց Յունկերը: Նա ասաց, որ հիմա ժամանակը չէ քննարկելու պարտքի կրճատելու մասին Հունաստանի խնդրանքը:

Ավելի վաղ պարտատերերը պահանջում էին Հունաստանից կրճատել կենսաթոշակները, թոշակառուներին տրվող նպաստները և աշխատավարձերը: Հունաստանի իշխանությունները հակադարձում էին, որ 5 տարվա տնտեսման ռեժիմից հետո երկիրը հայտնվել է ծանր ֆինանսական և տնտեսական ճգնաժամում և նոր միջոցների բնակչությունն այլևս չի դիմանա:

Սակայն Հունաստանը ստիպված եղավ գնալ որոշ զիջումների` դրանցից մեկը ԱԱՀ ավելացումն է, և որոշ միջոցներ բիզնեսի համար:

2010 թ. ի վեր, երբ ճգնաժամ արձանագրվեց Հունաստանի պետպարտքի հարցում, ԵՄ-ն ու ԱՄՀ-ն այդ երկրին գրեթե 250 մլրդ եվրո հատկացրեցին, և Աթենքը աստիճանաբար պետք է վերադարձնի գումարը: Չնայած, որ 2012-ին պարտքը մասնակիորեն չեղյալ համարվեց, այդ երկրի պետպարտքը ներկա պահին գերազանցում է 315 մլրդ եվրոն, ինչը կազմում է ՀՆԱ 175 տոկոսը: Դա 3 անգամ գերազանցում է եվրոյի երկրների համար սահմանված պետպարտքի թույլատրելի շեմը, որն, ըստ Կայունության և աճի պակտի կազմում է ՀՆԱ 60 տոկոսը