ՀԷՑ-ում շահագրգիռ կողմերի ներգրավվածությամբ աուդիտ կանցկացվի. Ցուցարարների պահանջը չի փոխվում՝ չեղարկում

ՀԷՑ-ում շահագրգիռ կողմերի ներգրավվածությամբ աուդիտ կանցկացվի. Ցուցարարների պահանջը չի փոխվում՝ չեղարկում

PanARMENIAN.Net - Ճիշտ կլիներ «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկության՝ Հայաստանի բաշխիչ ցանցերի գործունեության մանրազնին աուդիտ անցկացնել փորձագիտական հանրության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: Այդ մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է ՀՀ և Ռուսաստանի միջև տնտեսական գործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում:

Նախագահը տեղեկացրել է, որ Հայաստանում ստիպված գնացին ժողովրդականություն չվայելող քայլի՝ հաշվի առնելով հայկական դրամի ինֆլյացիայի մակարդակը և արտադրվող էներգիայի ինքնարժեքի բարձրացումը: Ըստ նրա, անշուշտ, հաշվի են առնվել նաև սակագնի բարձրացման սուբսիդավորման միջոցով անապահով ընտանիքների սոցիալական աջակցության հարցերը. երեկ Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել, ըստ որի շուրջ 105.000 ընտանիք, այսինքն՝ Հանրապետության մոտ 400.000 քաղաքացի կստանան փոխհատուցում: Նոր սակագնի հաշվարկումն իր մեջ չի ներառում Բաշխիչ ցանցերի գործունեության հնարավոր բացթողումների հետ կապված կորուստները:

Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ը մասնակի բավարարեց էլէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայտը՝ սակագինն օգոստոսի 1-ից կբարձրանա ոչ թե 17, այլ 6,93 դրամով: ՀԾԿՀ դիմելով՝ ՀԷՑ-ը առաջարկում էր 1 կՎտժ սակագինն ավելացնել մոտ 17 դրամով:

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հունիսի 19-ից նստացույց են անցկացնում Երևանի կենտրոնում Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ: Հունիսի 23-ին՝ վաղ առավոտյան, ոստիկանությունն ուժի կիրառմամբ ցրել է հունիսի 22-ի երեկոյան Բաղրամյան պողոտայում սկսված և մոտ 10 ժամ տևած նստացույցը: Արդյունքում ոստիկանական բաժանմունքներ բերման էր ենթարկվել 237 անձ, որոնք բոլորն էլ արդեն ազատ են արձակվել և հարուցված քրգործով հանդես են գալիս որպես վկա: Մոտ 25 մարդ էլ դիմել էր բուժօգնության՝ ստացած վնասվածքների արդյունքում: Բողոքի ցույցը վերսկսվեց հունիսի 23-ի երեկոյան, երբ Ազատության հրապարակում հավաքվածները կրկին գնացին Բաղրամյան պողոտա, որտեղ էլ մնում են մինչև օրս:

Ըստ նախագահի, ճիշտ կլինի, որ միջկառավարական հանձնաժողովn առանձնահատուկ ուշադրություն դարձնի Հայաստանում ռուսաստանյան ընկերությունների գործունեությանը: Ռուսաստանը Հայաստանի առաջին ներդրողն է՝ ՌԴ համախառն ներդրումները կազմել են ավելի քան $3 մլրդ, ինչը ՀՀ տնտեսության համար լուրջ թիվ է:

«Մենք մի կողմից ուզում ենք, որ զբաղվեք այդ ներդրումների պաշտպանությամբ, իսկ մյուս կողմից՝ տվյալ հարցին նայեք այդ ընկերությունների սոցիալական պատասխանատվության տեսանկյունից»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Մաքսիմ Սոկոլովն իր հերթին նշել է, որ միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո ՀՀ կառավարության շենքում փոխվարչապետի, էներգետիկայի նախարարի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավարի հետ մանրամասնորեն դիտարկել են նախկին ժամանակաշրջանում այդ ընկերության գործունեության հետ կապված բոլոր հարցերը: Ամենակարևորը, ըստ նրա, նշվել է, որ կա հստակ ծրագիր՝ այդ ձեռնարկությունը ճգնաժամային վիճակից դուրս բերելու համար՝ որոշակի միջոցառումներով և դրանք իրականացնելու ժամանակացույցով, անհրաժեշտ միջոցներով:

ՀՀ նախագահի առաջարկի հետ կապված՝ Մաքսիմ Սոկոլովը նշել է, որ միջկառավարական հանձնաժողովի հովանու ներքո կկազմակերպվի ընկերության գործունեության աուդիտ՝ ներգրավելով փորձագետների, բոլոր շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներին, այդ ամենն իրականացնելով առավելագույնս բաց և թափանցիկ, որպեսզի աուդիտի արդյունքներով բոլորին հասկանալի և միանշանակ լինի իրավիճակը, և ոչ մեկի մոտ հարցեր չծագեն:

«Ոչ թալանին» քաղնախաձեռնությունը հունիսի 26-ին հրապարակել է իր հստակ 3 պահանջը՝ վերանայել և չեղյալ հայտարարել ՀԾԿՀ-ի ապօրինի կայացրած հոսանքի սակագնի որոշումը, վերանայել 2014-ի սակագինը նվազեցման նպատակով, պատժել բոլոր այն կարգազանց ոստիկաններին, որոնք անօրինաբար հունիսի 23-ի առավոտյան Բաղրամյան պողոտայում ծեծի ենթարկեցին խաղաղ ցուցարարներին, ինչպես նաև պատժել նրանց հրաման տվողներին:

Ավելի ուշ, անդրադառնալով Բաշխիչ ցանցերում աուդիտ անցկացնելու հայտարարությանը, ցուցարարներն ասել են, որ ուշացած քայլ է, և իրենց պահանջը որոշման չեղարկումն է:

«Սա մեր բոլորի որոշումն է, մնալու ենք փողոցում այնքան, մինչև որոշումը չեղյալ հայտարարվի»,- հայտարարել են ակտիվիստները: Նրանք նշել են, որ աուդիտով չեն խաբվի:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---