27 հունիսի 2015 - 16:11 AMT
Փորձագետ. Սոցցանցերում ռուս-ուկրաինական տեղեկատվական պատերազմ է. ՀՀ-ն մարտադաշտերից է

Սոցցանցերում և ԶԼՄ-ներում ռուս-ուկրաինական տեղեկատվական թեժ պատերազմ է ընթանում, և Հայաստանը դարձել է մարտադաշտերից մեկը։ Այդ մասին, PanARMENIAN.Net-ի հետ զրույցում անդրադառնալով Երևանի կենտրոնում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ նստացույցի լուսաբանման համատեքստում արտասահմանյան տեղեկատվական հոսքերի խնդիրներին, նշեց տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ և բլոգեր Սամվել Մարտիրոսյանը:

Հոսանքի սակագնի բարձրացման դեմ երևանյան ցույցերն այս օրերին ակտիվ լուսաբանվում են արտասահմանյան ԶԼՄ-ների կողմից, սակայն մի շարք օտարերկրյա լրատվամիջոցներ կեղծ տեղեկատվություն են տարածում իրադարձությունների մասին: Ռուսական լրատվամիջոցներից շատերն առաջին իսկ օրից շարժումը ներկայացնում էին որպես Արևմուտքի կողմից հովանավորվող և համեմատականներ տանում ուկրաինական Մայդանի հետ: Ուկրաինական մամուլը դեպքերը նույնպես ներկայացնում է որպես երևանյան Մայդանի սկիզբ, սակայն այդ ամենում մեղադրում է ռուսական քաղաքականությունը: Մինչդեռ, Երևանում ծավալվող գործողությունները կրում են բացառապես սոցիալական բնույթ` զերծ քաղաքական ուղղորդումից:

«Ապատեղեկատվությունը, որն այս օրերին տարածում են շատերը՝ ոչ միայն իրականության հետ կապ չունի, այլև մեզ այդ պատերզամի մեջ ներքաշելու փորձ է: Ուկրաինական լրատվամիջոցներն այս ամենում տեսնում են Մայդանի շարունակություն և հակառուսական շարժում։ Ռուսասատանյան լրատվականները նույնպես տեսնում են Մայդան և փորձում են նույնիսկ ահաբեկել հայաստանցիներին հնարավոր վտանգների մասին, որոնք կարող են կործանել Հայաստանը»,- ասաց Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ խնդիրը նրանում է, որ ռուսաստանյան քարոզչամեքենան վերջին երկու տարվա ընթացքում այնքան է ներարկել ամերիկյան դավադրության, մայդանների թեմաները, որ նույնիսկ լրագրողները կամ վերլուծաբանները դրանց անդրադառնում են ռեֆլեկտիվ. եթե Հայաստանում ժողովուրդը փողոցում է, ուրեմն իրենց ամերիկացիներն են վճարել։

«Ոչ թալանին» քաղնախաձեռնության անդամները հունիսի 19-ից նստացույց են անցկացնում Երևանի կենտրոնում Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ: Հունիսի 23-ին՝ վաղ առավոտյան, ոստիկանությունն ուժի կիրառմամբ ցրել է հունիսի 22-ի երեկոյան Բաղրամյան պողոտայում սկսված և մոտ 10 ժամ տևած նստացույցը: Արդյունքում ոստիկանական բաժանմունքներ բերման է ենթարկվել 237 անձ, որոնք ավելի ուշ ազատ են արձակվել և հարուցված քրգործով հանդես են գալիս որպես վկա: Մոտ 25 մարդ էլ դիմել է բուժօգնության՝ ստացած վնասվածքների պատճառով: Բողոքի ցույցը վերսկսվել է հունիսի 23-ի երեկոյան, երբ Ազատության հրապարակում հավաքվածները կրկին գնացել են Բաղրամյան պողոտա, որտեղ էլ մնում են մինչև օրս:

«Մարդկանց մտքով էլ չի անցնում, որ ժողովուրդը կարող է առանց արտաքին պարտադրանքի դժգոհ լինել էլեկտրաէներգիայի սակագնից։ Եվ սա, անշուշտ, ոչ թե մեր, այլ ռուսաստանյան հասարակության համար շատ լուրջ խնդիր է», - նշեց Մարտիրոսյանը:

Անդրադառնալով Արևմտյան և ադրբեջանական ԶԼՄ-ներին, փորձագետը նշեց, որ արևմտյան մամուլը կենտրոնանում է ռուսաստանյան հետքի և ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտումների վրա։ Սակայն, ըստ Մարտիրոսյանի, այստեղ այդքան «կացնային» քարոզչություն չի գործում, ինչպես Ուկրաինայի և Ռուսաստանի շատ ու շատ ԶԼՄ-ների և բլոգերների դեպքում։ Միաժամանակ, բավականին լուրջ շեշտադրվում է Ռուսաստանի բացասական դերն իրադարձություններում. «Ադրբեջանական մամուլը, ինչպես բոլոր նմանատիպ իրավիճակներում, փորձում է ցույց տալ, որ Հայաստանն արդեն տասնամյակներ կանգնած է անդնի եզրին և սա արդեն վերջին քայլն է»։

«Այսինքն, ամեն մեկն այս իրավիճակում ավելի շուտ իր ցավն է տեսնում, քան մեր։ Ավելին՝ ադրբեջանական, ուկրաինական և ռուսաստանյան ԶԼՄ-ների մի մասը փաստացի ստեղծել է երեք իրականության հետ կապ չունեցող պատկերներ, որոնք իրենց կյանքով են ապրում», - ասաց փորձագետը՝ հավելելով, որ այս իրավիճակում շատ կարևոր է հայաստանյան լրագրողների, հայաստանցի և սփյուռքի օգտատերերի գործն իրավիճագի ճշտգրիտ, օբյեկտիվ ներկայացման և ապատեղեկատվության տարածման կանխարգելման առումով:

Մարտիրոսյանը նաև ընդգծեց, որ նպատակային հակահայկական քարոզչություն վարում են միայն ադրբեջանական ԶԼՄ-ները և սոցցանցերի օգտատերերը։

Ինչ վերաբերում է հունիսի 23-ին նստացույցի ցրման ժամանակ ոստիկանների անհամաչափ ուժի կիրառմանը ակտիվիստների, լրագրողների նկատմամբ և լրագրողական աշխատանքի խոչընդոտելուն, փորձագետը նշեց, որ այդ ամենը խիստ բացասական է ընդունվել միջազգային կառույցների, հանրության կողմից, ինչը, հավանաբար, կազդի Հայաստանի խոսքի ազատության և մարդու իրավունքներին վերաբերող վարկանիշների վրա:

Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ն մասնակի բավարարել էր էլէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայտը՝ սակագինն օգոստոսի 1-ից կբարձրանա ոչ թե 17, այլ 6,93 դրամով: ՀԾԿՀ դիմելով՝ ՀԷՑ-ը առաջարկում էր 1 կՎտժ սակագինն ավելացնել մոտ 17 դրամով: