27 հունիսի 2015 - 18:34 AMT
«Երևան դրիֆթինգ» բաց ավտոերթը կանցկացվի հունիսի 28-ին

Երևանում հունիսի 28-ին կանցկացվի էքստրեմալ վարման «Երևան դրիֆթինգ» բաց ավտոերթ: Մրցաշարը մեկնարկում է երևանյան ժամանակով 13:00-ին և կավարտվի 20:30-ին: Այս մասին հունիսի 28-ին հայտնել է Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահության անդամ, STR ավտոակումբի նախագահ Արսեն Մանուկյանը: Մրցաշարն անցկացվում է քաղաքապետարանի «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում:

«Գլխավոր մրցավարը Լիբանանից հրավիրված հատուկ հյուր է: Նա մեր հայրենակից, MMS Rally-ի չեմպիոն Գարո Հարությունյանն է, որը մրցաշարի ընթացքում հատուկ վարպետության դասեր կանցկացնի բոլոր ցանկացողների հետ` նրանց տարբեր խուսավարումներ սովորեցնելով», - ասել է Մանուկյանը՝ հավելելով, որ բոլոր ցանկացողները կարող են մասնակցել ավտոշոուին:

Հարությունյանն իր հերթին նշել է, որ իր այցի հիմնական նպատակը Հայաստանում ավտոմարզաձևի զարգացմանն օժանդակելն է: «Մանուկյանի հետ մենք մի փոքր պետք է աշխատենք մրցաշարի կանոնների վրա, որ այն ավելի բարդ և հետաքրքիր, ինչպես նաև ավելի մասշտաբային դարձնենք: Մենք պետք է հսկայական աշխատանք կատարենք, որ օգնենք սիրող ավտոմրցաշավորդներին դուրս գալ պրոֆեսիոնալ մակարդակի», - ավելացրել է նա:

Վերջին տարիներին Հայաստանն աստիճանաբար սկսել է ներգրավվել էքստրեմալ մարզաձևերի մրցումներում: 2012-ին Հայաստանում անցկացվեց BeeCross 2012 հանրապետական ավտոքրոսի մրցույթը, ինչից հետո էքստրեմալ տարբեր մարզաձևերի 10 թիմ Հայաստանից մասնակցեցին Batumi Extreme Fest 2012 էքստրեմալ մարզաձևերի միջազգային 2-րդ փառատոնին: