Նախագահ. Մինչև ՀԷՑ-ում աուդիտի ավարտը Գործադիրը կսուբսիդավորի 6,93 դրամը

Նախագահ. Մինչև ՀԷՑ-ում աուդիտի ավարտը Գործադիրը կսուբսիդավորի 6,93 դրամը

PanARMENIAN.Net - Մինչև ՀԷՑ-ում իրականացվելիք աուդիտի եզրակացության կազմումը Կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ամբողջ բեռը: Այս մասին հունիսի 27-ին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ խորհրդակցություն անցկացնելով Հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ:

Նախագահը նախ անդրադարձել է հունիսի 22-ից Բաղրամյան պողոտայում ընթացող բողոքի ցույցերին: Մասնավորապես, նա նշել է, որ «այն մարդկանց, այն ուժերի հանդեպ, որոնք իրենց պատեհական շահերի համար պատրաստ են սադրել, սրել իրավիճակը, անդնդել մեր վստահության դարուփոսերը, ովքեր խաղաղ հավաքները պատրաստ են մարտադաշտ դարձնել՝ մեկ ժամով այդ մարտադաշտում զորավար լինելու մարմաջով... նմանների հանդեպ իրավապահները եղել և լինելու են խիստ ու անողոք»:

«Ուզում եմ արձանագրել մի փաստ ևս. ցուցարարները և իրավապահներն այս մի քանի օրվա ընթացքում կարողացան ավելի մեծ փոխադարձ վստահություն ձևավորել, քան հնարավոր էր մի քանի տասնամյակի ընթացքում... Այս օրերին մենք հիացնում ենք բոլորին մեր պատասխանատվությամբ և ակտիվությամբ: Ակնկալում եմ, որ երիտասարդները նույնպիսի խոհեմություն և իմաստություն կցուցաբերեն նաև մեր վաղվա օրվա հանդեպ, իսկ մեր վաղվա օրվա ապահովությունը պահանջում է պահպանել այն կենսական համակարգերը, որոնք սնում են մեր երկրի տնտեսությունն ու յուրաքանչյուրիս ընտանիքը: Մենք չենք կարող կտրել մեր երկրի կենսական օրգանները սնող զարկերակներն ու երակները միայն այն բանի համար, որ դրանք ախտահարված են հիվանդությամբ: Մենք չենք կարող մեր երկիրը զրկել արյունից ու թթվածնից՝ կենտրոնանալով միայն նրա էներգետիկ զարկերակներն ախտահարած խնդիրների պատճառների վրա: Առաջնահերթ կերպով մենք պիտի լուծումներ փնտրենք այդ կենսական համակարգը փրկելու համար՝ զուգահեռաբար բուժելով այն, վերակառուցելով այն, դարձնելով այն անխոցելի ապագայում, և այս նախաձեռնության մեջ մեզ համար դժվար օրերում ու սոցիալական բարդ իրավիճակում մենք միայնակ չենք: Վերջին տարիների ինտեգրացիոն գործընթացները նոր հնարավորություններ են բացել մեր երկրի համար: Վարչապետի գլխավորությամբ մեր պատասխանատուները ակտիվ աշխատում են Եվրասիական տնտեսական միության մասնագիտացված կառույցների հետ, որպեսզի նոր-նոր թափ հավաքող այս ինստիտուտները իրենց ակտիվ դերակատարմամբ նոր լուծումներ բերեն Հայաստանի էներգետիկ համակարգի և սակագնի օբյեկտիվ բարձրացման սոցիալական բեռը չեզոքացնելու և ժողովրդի ուսերից վերցնելու համար: Սա գործընթաց է, որն ակտիվորեն իրականացվում է, և մեր պատասխանատուները հետևողականորեն աշխատում են մեր գործընկերների հետ: Հավատում եմ, որ լուծումները չեն ուշանա», - աաց նա:

Խոսելով հոսանքի սակագնի բարձրացման մասին, նախագահը նշել է, որ խորապես համոզված է՝ սակագնի բարձրացումն արդարացված է: «Նաև համոզված եմ, որ եթե սակագինը չբարձրացնենք, ապա էներգետիկ համակարգը դոմինոյի էֆեկտով փլուզման վտանգի առաջ կկանգնի: Ի վերջո, մեր բնակչության ավելի տարիքով հատվածը երբեք չի մոռանա 1988 թվականին ատոմակայանի փակման հետևանքները. այն ժամանակ էլ գրեթե բոլորը ոգևորված էին այդ չակերտավոր չարիքից ազատվելու հարցում, բայց հետո պարզվեց, որ իրական չարիքը հենց ատոմակայանը փակելն էր, ինչը մինչև այսօր իր բացասական ազդեցությունն է թողնում: Նույնը Նաիրիտի հետ կապված. փակելով այն, դուրս դնելով բնականոն զարգացման ցիկլից` հասանք մի իրականության, երբ պետությունը մինչև այսօր ստիպված ու պարտադրված է հավելյալ գումարներ ծախսել այս ուղղությամբ:

Կարող եմ բերել տասնյակ այսպիսի օրինակներ: Սակագնի մասին շատ ենք խոսել: Ներկայացվել են բարձրացման օբյեկտիվ 3 հիմքը: Բերվել են հիմնավորումներ, սակայն ակնհայտ է, որ կա վստահության պակաս: Համարում եմ, որ կասկածը, անվստահությունը մեր առաջին թշնամին են նման հարցերում: Առաջին հերթին հենց դա պետք է վերացնենք:

Առաջարկում եմ` ընտրել աշխարհում էներգետիկայի ոլորտում մեծ փորձ ունեցող և մեծ հեղինակություն վայելող որևէ միջազգային խորհրդատվական ընկերություն, եթե հարկ կա, այդ ընտրության ժամանակ ներգրավենք նաև բողոքի ակցիայի ակտիվ տղաներից մի քանիսին, և այդ ընկերությանը հանձնարարենք աուդիտորական ընկերության ներգրավմամբ պատասխանել հետևյալ հարցերին` ինչքանով էր հիմնավորված սակագնի բարձրացումը, և սակագնի չբարձրացման դեպքում ինչպիսի՞ վտանգներ են սպառնում էներգետիկ համակարգին:

Ինչպես նշեցի, համոզված եմ՝ սակագնի բարձրացումը չեղյալ հայտարարելը ծայրահեղ վտանգավոր է: Ուստի, մինչև եզրակացության կազմումը այդ ընկերության կողմից կառավարությունը իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը: Անշու՛շտ, մենք ընթացող ծրագրերին կամ սոցիալական ծախսերին չենք դիպչի, այլ գումարներ կգտնենք անվտանգության հետագա ամրապնդման համար նախատեսվող միջոցներից: Իհարկե, մեր անվտանգության խնդիրները հեռու են լուծված լինելուց, և սա մեղմ ասած, բայց կասկածամտության ու անվստահության այն մթնոլորտը, որ այսօր կա, ես նույնպես անվտանգության խնդիր եմ համարում և շատ կարևոր խնդիր: Դա լուծել է պետք:

Իսկ եթե եզրակացությունը հաստատի սակագնի ավելացման հիմնավորվածությունը, ապա այդ պահից սպառողներն առանց որևէ կասկածի հիմքերի կսկսեն վճարել այդ սակագնով»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Հունիսի 26-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ՀՀ և Ռուսաստանի միջև տնտեսական գործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքումասել է, որ ճիշտ կլիներ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկության՝ Հայաստանի բաշխիչ ցանցերի գործունեության մանրազնին աուդիտ անցկացնել փորձագիտական հանրության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Եթե եզրակացությունը հաստատի սակագնի ավելացման անհիմն լինելը, ապա կառավարությունը քայլեր կձեռնարկի Բաշխիչ ցանցերից ավել վճարված գումարը հետ գանձելու և թերացած պաշտոնատար անձանց պատասխանատվության կանչելու համար: Այս պայմաններում դեռևս մի քանի ամիս առաջ կառավարության կողմից սկսված աշխատանքը Բաշխիչ էլեկտրական ցանցերի սեփականատիրոջ փոփոխության առումով հաստատուն համոզմունք կդառնա՝ չբացառելով նաև այն պետությանը վերադարձնելու և մրցակցային կառավարման հանձնելու տարբերակը: Սա այն մասով, թե ինչ ուղղություններով ենք մենք աշխատում այս օրերին և աշխատում ենք վաղուց: Իհարկե, բազմաթիվ այլ ուղղություններով էլ ենք առաջ գնացել և լրջորեն քննարկել: Խնդիրը պետք է լուծել, և դրա համար ժամանակ կա: Այս պահին որպես աշխատանքային քննարկումների տրամաբանության մասին իրազեկում, այսքանն էի ցանկանում ասել: Վերջում ավելացնեմ հետևյալը.

Թող որևէ մեկի մտքով չանցնի, թե սակագնի բարձրացման խնդիրների հետ կապված մեր երկրում կան հակադիր կողմեր, թող որևէ մեկի մտքով չանցնի, թե կան մերոնք և ձերոնք. դա անհեթեթ է այնքան, որքան վտանգավոր է: Ես ուզում եմ նաև դիմել բողոքի ձայն բարձրացրած մեր երիտասարդներին. սիրելինե՛րս, մի՛ վախեցեք նոր պատասխանատվություն վերցնել և քայլերի մշակման իրական գործընթացին մասնակից դառնալ՝ դրանով իսկ նվազեցնելով կասկածամտությունը մեր հասարակության մեջ: Այսպիսի քննարկումներ մենք ունեցել ենք տասնյակներով, դրանց ձեզ մասնակից դարձնելուն երբե՛ք դեմ չենք: Գործընթացի վերջում բոլորը բավարարված ու հասկացված են լինելու: Իհարկե, կլինեն մարդիկ որոնք որևէ լուծում չեն ընդունի, որոնց լուծումների գոյությունը ձեռք չի տալիս ու ցանկացած որոշման դեպքում անվանարկելու են, բայց այսօրվա խոսքս նրանց չի վերաբերվում, այլ այն ակտիվ մեծամասնությանը, որոնք խնդրի լուծում են ուզում և չեն օգտագործվի քաղաքական նպատակներով: Ուրեմն եկե՛ք լուծենք խնդիրը և եկե՛ք այնպես անենք, որ ընթացքում որևէ փորձություն չբերենք մեր գլխին: Չափն անցնել որևէ դեպքում չի կարելի. ոստիկանությունը ի վիճակի է լուծել ցանկացած խնդիր, բայց դա մեր նպատակը չէ: Եվ Աստծո սիրուն, հերի՛ք է կաթվածահար անեք քաղաքի կենտրոնը, պատասխանատվության բեռը բոլորիս ուսերին գնալով միայն ավելանալու է, անցե՛ք ավելի հանգիստ միջոցների, ազատե՛ք Բաղրամյան պողոտան և օգնե՛ք լուծումների փուլում և դրանց հանդեպ վստահության ամրապնդման հարցերում: Այն էներգետիկ համակարգը, որ այսօր մենք փորձում ենք զարգացման հիմքերի վրա դնել, բոլորիս համար է, նախ և առաջ ձեր սերնդի համար: Լսե՛ք իմ բարեկամական հորդորը, անպայմա՛ն լսեք: Մի քանի օրից ցանկանում եմ մի քանիսիդ հրավիրել զրուցելու. հույս ունեմ, որ ավելի հեշտ իրականություն կդարձնենք այդ հանդիպումը: Գործ շատ կա անելու, և միասի՛ն պիտի ավարտենք այս դժվարին պրոցեսը», - ասել է ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանի հայտարարությունից քիչ անց ցուցարարները հանդես են եկել պատասխան հայտարարությամբ. «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը նշել է, որ սա իրենք հաղթանակ չեն համարում, շարունակում են պայքարը, փակ են պահելու պողոտան, քանի որ իշխանությունները չեն ընդունել ցուցարարների և ոչ մի պահանջը։

Ըստ Շուշանյանի, Սերժ Սարգսյանը չի չեղարկել ՀԾԿՀ որոշումները՝ էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ, և չեն խոստացել պատժել հունիսի 23-ին ապօրինություններ թույլ տված ոստիկաններին։

Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ն մասնակի բավարարել էր էլէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայտը՝ սակագինն օգոստոսի 1-ից կբարձրանա ոչ թե 17, այլ 6,93 դրամով: ՀԾԿՀ դիմելով՝ ՀԷՑ-ը առաջարկում էր 1 կՎտժ սակագինն ավելացնել մոտ 17 դրամով:

«Ոչ թալանին» քաղնախաձեռնության անդամները հունիսի 19-ից նստացույց են անցկացնում Երևանի կենտրոնում Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ: Հունիսի 23-ին՝ վաղ առավոտյան, ոստիկանությունն ուժի կիրառմամբ ցրել է հունիսի 22-ի երեկոյան Բաղրամյան պողոտայում սկսված և մոտ 10 ժամ տևած նստացույցը: Արդյունքում ոստիկանական բաժանմունքներ բերման է ենթարկվել 237 անձ, որոնք ավելի ուշ ազատ են արձակվել և հարուցված քրգործով հանդես են գալիս որպես վկա: Մոտ 25 մարդ էլ դիմել է բուժօգնության՝ ստացած վնասվածքների պատճառով: Բողոքի ցույցը վերսկսվել է հունիսի 23-ի երեկոյան, երբ Ազատության հրապարակում հավաքվածները կրկին գնացել են Բաղրամյան պողոտա, որտեղ էլ մնում են մինչև օրս:

Նախաձեռնությունը ՀԷՑ-ի գործունեության աուդիտ անցկացնելը գնահատում է որպես «բավականին ուշացած»: Ցուցարարների պահանջները չեն փոխվել՝ չեղարկել որոշումը, վերանայել սակագինը նվազեցման նպատակով և պատժել հունիսի 23-ին առավոտյան մեզ այստեղ ծեծի ենթարկած և ոստիկանական բաժիններ տարած քաղաքացիական և ոստիկանական համազգեստով անձանց:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---