2 հոկտեմբերի 2006 - 16:56 AMT
Էրկի Թուոմիոյա. Բանակցությունները Թուրքիայի եւ ԵՄ միջեւ կարող են ավելի քան 10 տարի ձգվել
Եվրամիությունը ողջունում է Հայաստանի ձգտումը դեպի մեծ ժողովրդավարություն եւ հուսով է, որ գալիք 2007 եւ 2008 թվականի ընտրությունները կլինեն ազնիվ եւ արդար: Այդ մասին Երեւանում հայտարարել է Ֆինլանդիայի արտգործնախարար Էրկի Թուոմիոյան: Նրա խոսքերով, Եվրոպական Հարեւանության քաղաքականության ծրագիրը ենթադրում է, որ Եվրամիության հետ որեւէ կերպ համագործակցող ԵՄ անդամները եւ երկրները ժողովրդավարական են հանդիսանում:

Թուրքիայի եւ ԵՄ միջեւ ընթացող բանակցությունների վերաբերյալ խոսելիս` Էրկի Թուոմիոյան նկատել է, որ բանակցությունները կարող են ավելի քան 10 տարի ձգվել եւ դժվար լինել: «Թուրքիան շատ բան պետք է անի բարեփոխումների ասպարեզում, որպեսզի դառնա եվրոպական երկիր: Ես պետք է ընդգծեմ, որ ԵՄ-ին անդամակցությունն ինքնակամ է, եւ Թուրքիան ինքն է ընտրություն կատարել: Մենք բոլորս հուսով ենք, որ այն կկարողանա դառնալ մի երկիր, որն իրոք համապատասխանում է ժողովրդավարության պահանջներին»,- հայտարարել է Ֆինլանդիայի ԱԳՆ ղեկավարը: